Արմինֆո. Հավաստիացնում եմ, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը՝ նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման համար: Այդ մասին հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, տեխնիկական ընթացակարգերի պատճառով, կողմերը չստորագրեն շրջանակային համաձայնագիրն ընթացիկ տարվա նոյեմբերին:
«ԵՄ աշխատակազմի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ համաձայնագրի կյանքի կոչման համար: Մենք կգործադրենք բոլոր միջոցները, որպեսզի համաձայնագիրը ժամանակին ստորագրվի»,- ասել է Սվիտալսկին:
Լրագրողների դիտարկմանը, որ նա նույնպես չի բացառում փաստը, որ համաձայնագիրը կարող է չստորագրվել, դեսպանը հավաստիացրել է, որ ԵՄ-ն ջանք չի խնայում օգտագործելու բոլոր կանոնակարգերը՝ համաձայնագրի ժամանակին ստորագրումն ապահովելու նպատակով: «Համոզված եմ, որ այն կիրականացվի: Դուք ինձ գիտեք, ես օպտիմիստ եմ»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցչին լիզորել էր բանակցություններ սկսել Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ: Նոր համաձայնագիրը պետք է կփոխարինի Հայաստանի և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրին, որը Երևանն ու Բրյուսելը համաձայնեցրել էին, սակայն այդպես էլ չէին ստորագրել, քանի որ 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելի հայտարարեց եվրասիական ինտեգրմանը մասնակցելու Հայաստանի որոշման մասին, ինչը, ըստ էության նշանակում էր, ասոցացման համաձայնագրի ստորագրման ձախողում: Այն ժամանակ շատ վերլուծաբաններ ենթադրություն հայտնեցին, որ կտրուկ փոփոխության պատճառը Մոսկվայի կողմից ուժեղ ճնշումն էր: Սակայն պաշտոնական Երևանն այդպես էլ չխոստովանեց դա:
Ավելի ուշ Երևանն ու Բրյուսելը սկսեցին քննարկել նոր, պակաս հավակնոտ համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու հնարավորությունը, որը չհակասեր Հայաստանի պարտավորություններին ԵԱՏՄ անդամության շրջանակում: 2015 թվականի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ կենտրոնակայանում հայտարարեցին, որ նոր բանակցային փուլի մեկնարկը թույլ կտա փակել 2013 թվականից հետո առաջացած անորոշության էջը: 2017 թվականի փետրվարի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում հայտարարեցին Հայաստան-ԵՄ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Մարտի 21-ին Երևանում Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրեցին համընդգրկուն և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը: