Արմինֆո. Հայաստանում ռուս զինվորականը պատահաբար կրակել է ծառայակցի վրա, ինչից հետո ինքնասպան է եղել, «Ինտերֆակսին» հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
«Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային ծառայության զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության պահանջները ու ոչ կանխամտածված կրակել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի։ Վախենալով կատարվածից և ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից՝ նա ինքնասպան է եղել»,- ասել են մամուլի ծառայությունում:
Կատարվածի մանրամասները պարզելու համար տեղում աշխատում է Հարավային ռազմական օկրուգի հատուկ հանձնաժողովը։
Գյումրիում գործում է 102-րդ ռուսական ռազմակայանը: 2010 թ. օգոստոսի 20-ին Ռուսաստանը և Հայաստանը ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել են մինչև 2044 թվականը: