Արմինֆո.Ակնհայտ է, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում անդորրը Բաքվի ռազմատենչների ծրագրերի մեջ չի մտում: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այսպես է արձագանքել իսրայելական «Սպայկ» հակատանկային հրթիռային համալիրներից ղարաբաղյան դիրքերին հարված հասցնելու վերաբերյալ ԼՂՀ ՊԲ հաղորդագրությանը:
«Ադրբեջանը «Սպայկից» գնդակոծել է ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը: Ակնհայտ է, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում անդորրը Բաքվի ռազմատենչների ծրագրերի մեջ չի մտում»,- գրել է Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և <<ՍՊԱՅԿ>> տիպի մեկ հակատանկային հրթիռ: «Կատարվածը փաստում է, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռքբերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլև հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը:Հաշվի առնելով միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, Արցախի զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ դեպքերը նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանն զգուշացնում է, որ սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և բավականին ցավոտ», - ասվում է հաղորդագրությունում: