Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017 16:03
Տաթևիկ Շահունյան

Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հանդես են գալիս ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի օգտին

Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հանդես են գալիս ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի օգտին

Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին ընդունել է Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոյին, Կառլոս Էռնանդես Միրոնին եւ նրանց ուղեկցող անձանց:

 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ավագյանը եւ խմբի անդամ Գագիկ Մելիքյանը:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մեքսիկացի պատգամավորների այցն առանձնանում է այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Մեքսիկայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարին: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը նոր էջ կբացի եւ նոր՝ առավել բարձր մակարդակի կբարձրացնի առկա հարաբերությունները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ այլ ոլորտներում:

 

Էդուարդ Շարմազանովը մեքսիկացի գործընկերներին ցավակցություն է հայտնել Մեքսիկային վերջերս պատուհասած աղետի՝ երկրաշարժի կապակցությամբ՝ նշելով, որ հայ ժողովուրդը լավ է հասկանում մեքսիկացի ժողովրդի ցավը:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին: Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Մեր պայքարը հանուն արդարության է եւ հանուն ցեղասպանությունների կանխարգելման: Մենք որեւէ ժողովրդի, այդ թվում նաեւ՝ թուրք ժողովրդին, թշնամի չենք համարում, բայց կարծում ենք, որ առաջինը հենց թուրք ժողովրդի համար է անհրաժեշտ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հաշտվել ու առերեսվել սեփական պատմության հետ, քանի որ ժխտողականությունը եւ կեղծիքը կարող են ծնել նոր ցեղասպանություններ ու արհավիրքներե:

 

Պարոն Շարմազանովը տեղեկացրել է, որ հաջորդ տարի լրանում է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայիե 70-րդ տարին, ուստի Հայաստանը այս համատեքստում հանդես է գալու նոր նախաձեռնություններով:

 

Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է 2011 թվականին Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից ընդունված երկու բանաձեւերին՝ նշելով, որ դրանք ոչ միայն հակահայկական բնույթ ունեին, այլեւ ուղղակիորեն հակասում են միջազգային հանրության գնահատականներին: «ՄԱԿ-ն այս խնդրի լուծման մանդատը տվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Միջազգային կառույցներում պետք է անենք քայլեր, որոնք չպետք է հակասեն միջազգային հանրության գնահատականներին: Սա մարդու իրավունքների պաշտպանության հարց է, ոչ թե տարածքային վեճ. Արցախի ժողովուրդն ունի անկախ ապրելու այնքան իրավունք, որքան նախկին ԽՍՀՄ որեւէ սուբյեկտի քաղաքացիե,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

 

Ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն իրենց խոսքում պաշտպանել են Մեքսիկա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսն ու պատվիրակության անդամ Կառլոս Էռնանդես Միրոնը:

 

Տիկին Դոմինգեսը վստահություն է հայտնել, որ իրենց այցը նոր խթան կհանդիսանա եւ կզարգացնի երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, ինչի համար իրենք, օգտագործելով խորհրդարանական հարթակը, պատրաստ են անելու առավելագույնը: Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցով, Հայաստանը դիտարկել որպես դարպաս՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ հարեւան այլ երկրների շուկաներ մուտք գործելու տեսանկյունից:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
9642

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի