Արմինֆո. Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ ԱԺ ապատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ հոկտեմբերի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին եւ վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։ Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը նշել է. «Ինձ համար պատիվ էր այցելել այս մեծ երկիրը, ճանաչել մի հերոսական ժողովրդի, որը մեծ հարգանք է վայելում աշխարհում։ Ես արդեն սիրում եմ Հայաստանը»։ Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն նշել է. «Մեր համակրանքն ու համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»։ «Ատելությունը ձախողման ճանապարհն է»,- նշել է Կառլոս Էռնանդես Միրոն եւ հավելել, որ մարդկությունն աջակցում եւ մեծարում է հայ ժողովրդին։