Արմինֆո. ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրում են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսին առնչվող հերթական հաղորդումը: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը, «Econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքը հոկտեմբերի 20-ին «Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք» վերտառությամբ, սպանված անգղը ձեռքին քաղաքացու լուսանկարով հոդված է հրապարակել, որ համացանցում հայտնաբերվել է սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի հերթական դեպքը: Հոդվածում նշված է նաև, որ լուսանկարը համացանց է բեռնվել 2014 թվականին, իսկ նկարագրության մեջ տեղանքի անունը նշված է Բախչալար՝ ներկայիս Բագարան համայնքը: «Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անգղի ապօրինի որսը կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հրավիրվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և բացատրություն տվել, որ 2012թ. փետրվարին Բագարան գյուղի վարչական տարածքի դաշտերում որս անելիս իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է նշված անգղին: Կատարվում է հետաքննություն»,-գրել է Ջանոյանը:
Հավելենք, որ սա սպիտակագլուխ անգղերի որսի մասին արդեն երկրորդ հաղորդումն է: Առաջինի պարագայում ոստիկանությունն անցկացրել է հետաքննություն, սակայն քրեական գործ չի հարուցվել` վկայակոչելով ՀՀ ՔՕ 35 հոդվածի 1 մասին 6 կետը (հանցագործության վաղեմության ժամկետի լրանալը): Հիշեցնենք, որ Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի համար ՀՀ ՔՕ 294 հոդվածով նախատեսվում քրեական պատիժ` տուգանք կամ ազատազրկում: