Արմինֆո. Երևանում բացվել է «Ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն»:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, դիտվում է ուռուցքաբանական հիվանդությունների աճ, այդ պատճառով հանրապետությունում «Ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոնի» բացումը շատ կարևոր է՝ ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի մակարդակի բարձրացման առումով:
Խաչատրյանը նշել է, որ վերջին ժամանակներս դիտվում է ուռուցքով հիվանդների թվի աճ, ովքեր բուժման նպատակով մեկնում են արտասահման, հիմնականում՝ Ֆրանսիա: «Կենտրոնի բացումից հետո հիվանդները կարող են որակյալ օգնություն ստանալ՝ չմեկնելով հանրապետությունից»,- նշել է նա:
ֆրանսահայ հայտնի բժիշկ-ուռուցքաբան, կենտրոնի բժշկական մասի ղեկավար Նորբերտ Ավետյանը նշել է, որ նոր հիվանդանոցում կկարողանա բուժվել տարեկան շուրջ 100 հիվանդ: Նրա խոսքով, կենտրոնի կառուցման գործում ներդրվել է ավելի քան միլիոն եվրո: «Մեր գլխավոր նպատակն է՝ Հայաստանում հիվանդներին ցուցաբերել նույն բուժօգնությունը, որը մենք ցուցաբերում ենք Ֆրանսիայի մեր հիվանդներին: Կենտրոնում կկիրառվեն նորագույն մոտեցումներ պրոցեդուրաներից հետո հիվանդների վիճակը թեթևացնելու համար, որոնք կիրառվում են Ֆրանսիայում»,- նշել է Ավետյանը՝ ավելացնելով, որ ապացուցված է, որ հիվանդն ավելի լավ ապաքինվում է հայրենիքում՝ շրջապատված հարազատներով:
Նա հայտնել է նաև, որ Կենտրոնի ողջ սարքավորումը շարժական է, իսկ դա հնարավորություն կտա բժիշկներին այցելել հիվանդներին Հայաստանի բոլոր մարզերում: Ավետյանը նշել է նաև, որ ֆրանսիացի բժիշկներն ամիս առնվազն մեկ շաբաթ կգտնվեն Հայաստանում և կոնսուլտացիա կանցկացնեն հիվանդների հետ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ