Արմինֆո.Վիեննայի համաձայնագրերի իրագործման բացակայության պայմաններում հարկ չկա բանակցությունների զգալի արդյունք ակնկալել: Երևանում «Ինտեգրացիոն վեկտորներ և անվտանգություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմային նվիրված միջազգային կլոր սեղանի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալո-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:
Հոկտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հակամարտության կարգավորման շուրջ որոշակի պայմանավորվածությունների բացակայության մասին, ընդգծելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել լարվածության թուլացմանն ուղղված միջոցառումների շուրջ` առաջնագծում զոհերից խուսափելու նպատակով: Արդեն հոկտեմբերի 19-ին շփման գծում հակառակորդի գնդակից զոհվեց Արցախի պաշտպանության բանակի շարքային Տիգրան Խաչատրյանը:
«Հակամարտող կողմերի միջև վստահության բացակայության պայմաններում հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ բավականին բարդ խնդիր: Եվ հենց Վիեննայի համաձայնագրերը կարող էին նպաստել վստահության մթնոլորտի ստեղծմանը, սակայն մենք գիտենք, թե կողմերից որն է հրաժարվում դրանք իրագործել: Հաշվի առնելով հակամարտող կողմերի, մասնավորապես, Ադրբեջանի, դիրքորոշումների անընդունելիությունը` ստիպված ենք փաստել, որ միամտություն կլիներ մեծ ակնկալիքներ ունենալ Ժնևից», - ընդգծել է նա:
Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո, որի զոհ դարձավ ավելի քան 100 մարդ, բարձրագույն մակարդակի բանակցությունները շարունակելու համար Երևանը պնդում էր հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված առաջարկությունների իրագործում: Հետագայում Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ համաձայնագիրը: