Արմինֆո. Ռուսաստանը շարունակում է ջանք գործադրել այնպիսի արժեքային հիմք ստեղծելու ուղղությամբ, որը կարող է դառնալ հրապուրիչ հարևան և հետխորհրդային երկրների համար: Երևանում «Ինտեգրացիոն վեկտորներ և անվտանգություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմային նվիրված միջազգային կլոր սեղանի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալո-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:
«Դժբախտաբար, դա միշտ չի հաջողվում: Չափազանց մեծ է արժեքային կողմնորոշիչների տարբերությունը բուն ռուս հասարակության շրջանում: Եվ այդ լույսի ներքո` միասնական արժեքային կողմնորոշիչի մշակումը բավականին խնդրահարույց է թվում», - նշել է նա:
Այդ լույսի ներքո` Արեշևն առանձնացրել է ԵԱՏՄ հումանիտար քաղաքականության բացակայությունը` որպես մեծ խնդիր, ընդգծելով, որ 25 տարում հասարակություններն ու երկրները հեռացել են միմյանցից: Նրա գնահատմամբ, ամեն բան չէ, որ հանգեցվում է տնտեսության, իսկ ԵԱՏՄ երկրների հասարակությունները միմյանց մասին ավելի քիչ բան գիտեն, քան պետք է իմանան դաշնակիցները: Մինչդեռ քաղաքացիական կապերի զարգացման համար դա չափազանց կարևոր է:
Փորձագետը ԵԱՏՄ շրջանակում երկրների հարաբերությունները գնահատել է որպես վերնախավային, ընդգծելով, որ նախագահների և վարչապետների հանդիպումներն ու որոշումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը այն չափով չեն ազդում քաղաքացիների առօրյա կյանքի վրա, որքան ցանկալի կլիներ: