Արմինֆո.Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից հայ զինծառայողի սպանությունը` Սարգսյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո, ևս մեկ ապացույց է այն բանի, որ Բաքուն չի հարգում իր մասնակցությամբ ձեռք բերված միջազգային պայմանավորվածությունները և մտադիր չէ դրանք պահպանել: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովն ուշագրավ է համարել, որ Բաքուն հերթական սադրանքին դիմեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո, դրանով իսկ ցինիկաբար ցույց տալով, որ ինքը, գործնականում, թքած ունի միջազգային կարծիքի և ամեն տեսակի պայմանավորվածությունների վրա:
«Իր գործողություններով Ադրբեջանը կրկին ցույց տվեց, որ տրամադրված չէ կառուցողական երկխոսության: Դիմելով հերթական սադրանքի` նախագահների հանդիպումից անմիջապես հետո, Ադրբեջանը կրակեց ոչ միայն հայկական կողմի ,այլև միջազգային հանրության և Մինկի միջնորդների դեմ: Հուսով եմ, որ գոնե այժմ միջազգային հանրությունն ուղիղ և որոշակի գնահատական կտա Բաքվի գործողություններին», - ամփոփել է Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Ժնևի հանդիպումից անմիջապես հետո կողմերն ու համանագահները հանդես եկան հայտարարությամբ, հաղորդելով, որ, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել հակամարտության գոտում լարվածության թուլացման և նոր սադրանքների կանխման միջոցներ ձեռնարկելու շուրջ:
Իսկ նախօրեին Բաքուն դիմեց նոր սադրանքի: Արցախում ադրբեջանական կողմից կրակոցի զոհ դարձավ 1998 թվականին ծնված զինծառայող Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Արմինֆո. Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: