Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017 20:19
Նաիրա Բադալյան

Լեհաստանի փոխվարչապետ. Լեհերը հայերի նկատմամբ ունեն առանձնահատուկ ընդգծված վերաբերմունք

Լեհաստանի փոխվարչապետ. Լեհերը հայերի նկատմամբ ունեն առանձնահատուկ ընդգծված վերաբերմունք

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 19-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ, մշակույթի և ազգային ժառանգության նախարար Պիոտր Գլինսկու հետ: 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչները դարեր ի վեր ներգրավված են եղել Լեհաստանի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Արա Բաբլոյանը կարևորել է Լեհաստանի իշխանությունների դրական վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ:

ՀՀ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ մշակութային և գիտակրթական ոլորտում հայ-լեհական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. հայ համայնքի համար հոբելյանական հանդիսացող այս տարվա ընթացքում թե՛ Լեհաստանում, թե՛ Հայաստանում նախագծվել և արդեն իրականացվում են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, որոնք հայ-լեհական բարեկամության վառ վկայություններն են:

«Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կարևոր նշանակություն ունի երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և միմյանց մշակույթներին ծանոթանալու գործում»,-ասել է Արա Բաբլոյանը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Հայաստանի և Լեհաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը՝ նշելով, որ այս ոլորտում իրականացվել են զգալի աշխատանքներ: Երկու երկրների տարբեր քաղաքների միջև ծավալվում է համագործակցություն, պարբերաբար իրականացվում են փոխայցելություններ:

Երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման առնչությամբ պարոն Բաբլոյանը կարևորել է հայ-լեհական միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, որի նիստերին զուգահեռ կազմակերպվում են նաև հայ և լեհ գործարարների մասնակցությամբ համաժողովներ:

Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ Պիոտր Գլինսկին, խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին, նշել է, որ լեհերը հայերի նկատմամբ ունեն առանձնահատուկ ընդգծված վերաբերմունք, ինչը հիմնված է այն մեծ ներդրմամբ, որն ունեցել են հայերը Լեհաստանում: Փոխվարչապետը դրական է գնահատել հատկապես մշակույթի ոլորտում առկա արդյունավետ համագործակցությունը: Նա հավաստիացրել է, որ լեհական կողմը բաց է հետագա համագործակցության համար:

Պարոն Գլինսկին մանրամասն ներկայացրել է մշակույթի նախարարության գործունեության վերջին ձեռքբերումները, անդրադարձել իրականացվող տարբեր միջոցառումների, այդ թվում՝ Ազգային հուշարձանների պահպանման հիմնադրամի ստեղծմանը: 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5196

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի