Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը կարևորել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, և այդ համատեքստում քննարկել առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին և ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր:
ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, Մեդվեդևի պաշտոնական այյցը Հայաստան տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, իսկ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը` հոկտեմբերի 25-ին:
Հավելենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունն ավելացել է տարեկան 23,7%-ով` մինչև 737.5 մլն դոլար: Դա պայմանավորված էր արտահանման 27,3% աճով` մինչև 219.3 մլն դոլար, և ներմուծման 22,3% աճով` մինչև 518.2 մլն դոլար: