Արմինֆո. «Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորվածություն ենք զգում բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը՚, - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հոկտեմբերի 19-ին Եվրոպայի հայկական չորրորդ համագումարի ընթացքում իր ելույթում:
«Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատերի ներքո՝ նախևառաջ ցանկանում եմ նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձևերից մեկն ընդունվել է հենց այստեղ դեռևս 1987թ.-ին: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին՝ 2015թ.-ին, Եվրախորհրդարանը կրկին վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, և «միացավ ոգեկոչմանը՝ եվրոպական համերաշխության և արդարադատության ոգուն համահունչ»:
Այս նույն ոգով Հարյուրամյա տարելիցին և դրանից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Ավստրիայի, Բելիգայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, բանաձևեր ընդունեցին՝ համալրելով այն երկրների շարքը, որոնք Եվրոպայում և ողջ աշխարհում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս ջանքերը մեծ կարևորություն ունեն ոչ միայն ոգեկոչման առումով, այլև էական ներդրում են միջազգային կանխարգելման ջանքերում: Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորվածություն ենք զգում բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ: Այս առումով Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված վերջին նախաձեռնություններից էին 2015թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ և ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրվա վերաբերյալ բանաձևերի ընդունումը: Այս ջանքերը շարունակվելու են:
Հաջորդ տարի լրանում է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Ցավոք, 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս չարիքից: Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողություններն ակնհայտորեն վկայում են կոնվենցիայի արդիականության մասին: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ դատապարտեց ահաբեկչական խմբավորումների այս գործողությունները: Ցավոք, սիրիական արհավիրքը չի շրջանցել մեր հայրենակիցներին, ովքեր զրկանքներ են կրում սիրիացի ժողովրդի, այլ էթնիկ և կրոնական խմբերի հետ միասին: Սիրիական ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մոլորակի բոլոր ծայրերում ունենալով հարյուրավոր համայնքներ, աշխարհասփյուռ հայությունը հաճախ հայտնվում է տարբեր գլոբալ մարտահրավերների կիզակետում: Հայաստանն իր միջազգային ներգրավվածության ընթացքում լիովին հաշվի է առնում տվյալ հանգամանքը, ներառյալ կանխարգելման ջանքերում, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, փախստականների և միգրանտների խնդիրներին անդրադառնալիս, խաղաղապահ առաքելություններին մասնակցելիս, ահաբեկչության դեմ պայքարում ջանքեր ներդնելիս՚, - ընդգծել է արտգործնախարարը: