Արմինֆո.Հայաստան-ԵՄ հարաբերությունները հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հոկտեմբերի 19-ին Եվրոպայի հայկական չորրորդ համագումարի ընթացքում իր ելույթում:
Արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:
«Եվրոպական միությունն արժեքավոր օժանդակություն է ցուցաբերում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, աջակցում է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական առաջմղմանը, ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը, դատական համակարգի և արդյունավետ կառավարման բարելավմանը: Կառանձնացնեի նաև մեր համագործակցությունն անցած ապրիլին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Եվրամիության աջակցությունը ներառում է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները՝ այդ թվում էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը և այլն: Դրանցից մի քանիսը տարածաշրջանային նշանակություն ունեն, ինչպես օրինակ հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացումը և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը: Մենք ակտիվորեն համագործակցում ենք կրթության, նորարարության, գիտության և մշակույթի ոլորտներում, ներառյալ այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են «Հորիզոն 2020», «Էրազմուս+» և այլք: Այս տարի մենք ավարտեցինք «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի և Ընդհանուր ավիացիոն տարածքի պայմանագրի շուրջ բանակցությունները Եվրոպական միության հետ՚, - նշել է արտգործնախարարը:
Նա հատուկ ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վերջնականացվել է և նախաստորագրվել: «Համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ նոյեմբերին Բրյուսելում անցկացվելիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը:
Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերից կցանկանայի առանձնացնել վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ամրագրված հանձնառություններից մեկն էր, և կարևոր նշանակություն ունի շարժունակության ընդլայնման ու մարդկանց միջև շփումների խորացման առումով՚, - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: