Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ. այն հալված և վտանգավոր է: Այդ մասին
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում Ղարաբաղի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն:
Նրա համոզած, տարածաշրջան բերված զենքի տեսակները ավելի բարդ իրավիճակ են ստեղծում: «Հարավային Կովկասում իրավիճակը փոփոխվում է:
Տարածաշրջանում կա տնտեսական ինտեգրում, դրամատիկ քաղաքական փոփոխություններ»,- ավելացրել է դիվանագետը:
Միաժամանակ Քավանոն գտնում է, որ անցյալում կողմերի մոտ փոխզիջման գնալու ավելի մեծ պատրաստակամություն կար: «Հակամարտությունն ունի միջազգային նշանակություն: 80-ական թթ. վերջից չի եկել ամերիկացի որևէ նախագահ, ով չիմանար ղարաբաղյան հակամարտության մասին»,- ասել է Քավանոն և ընդգծել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և կողմերի կողմից միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման կարևորությունը:
Միաժամանակ նա փաստել է, որ չնայած հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու նախագահների բազմաթիվ հայտարարություններին՝ այդ ուղղությամբ գործուն քայլեր չեն իրականացվում:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին՝ Քավանոն նշել է, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրել է այդ գործընթացում և արել հնարավոր ամեն բան: «Ռուսաստանը կենտրոնական խաղացող էր 2016 թ. ապրիլին: Ես կասկածում եմ, որ Ռուսաստանը միշտ էլ կենտրոնական խաղացող է լինելու: Սակայն, Ռուսաստանը չի կարող ինքնուրույն լուծել խնդիրը, և, իհարկե, Մոսկվան շահագրգռված չէ հետագա էսկալացիայով»,- ասել է դիվանագետը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական անգամ հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտությունն այն հարցն է, որտեղ Մոսկվան և Վաշինգտոնը սերտորեն փոխգործակցում են՝ չնայած ԱՄՆ և Ռուսաստանի միջև լարված հարաբերություններին: «Ես կասեի, որ դա խնդիրներից մեկն է, որի լուծման հարցում մենք, իրոք, համագործակցում ենք: Ռուսաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչ վերաբերում է այդ գործընթացին ԱՄՆ մասնակցությանը՝ կուզեի հիշեցնել այդ գործընթացում նախկին պետքարտուղար Ջոն Քերիի անձնական ներգրավվածության մասին:
Այս վարչակազմն ունի նոր համանախագահ: Հուսով եմ, որ այն ներգրավված կլինի հակամարտության լուծմանը»,- ասել է Ուորլիքը: