Արմինֆո. Քանի դեռ բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ չկան, առաջընթաց անհնար է, քանի որ Ստեփանակերտը կարող է շրջափակել Երևանի և Բաքվի ամեն մի որոշում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
«Ամենագլխավորը դա է, չհաշված բանակցող կողմերի ճիշտ հակառակ դիրքորոշումները, հասարակական տրամադրությունները: Այդ լույսի ներքո` հարկ չկա բանակցային գործընթացում բեկում ակնկալել միայն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Ժնևի հանդիպումից: Հանդիպման բուն փաստը, իմ կարծիքով, պայմանավորված էր Երևանի և Բաքվի նկատմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ճնշմամբ` հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման նպատակով՚, - ընդգծել է նա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ժնևի հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշակի պայմանավորվածության բացակայության մասին, ընդգծելով, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն լարվածության թուլացմանն ուղված միջոցների վերաբերյալ` առաջնագծում զոհերից խուսափելու նպատակով:
Սկակովի կարծիքով, դեռ նախագահների հանդիպման նախաշեմին լրացուցիչ բացասական ֆոն էր ստեղծել ժնևյան հանդիպմանը Երևանի համաձայնությունը շահարկելու Ադրբեջանի նախագահի փորձը, որն այն ներկայացրել էր որպես հայկական կողմի նահանջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտության պնդումից: Քաղաքագետը նաև ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ միջնորդների մեծ ճնշման փաստը, նկատի ունենալով, որ Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործումն ամենևին ձեռնտու չէ հենց Բաքվին: Այդ լույսի ներքո` Սկակովը կարծում է, որ Ժնևում այդ հարցը քննարկվել է, սակայն որոշում չի կայացվել, հատկապես` հաշվի առնելով փոխզիջման բացակայությունը, որը կարող էր գոհացնել բոլոր կողմերին:
Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո, որը հայկական կողմից 100-ից ավելի մարդու կյանք խլեց, բարձրագույն մակարդակի բանակցությունները շարունակելու համար Երևանը պնդում էր հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնեցված առաջարկությունների իրագործում: Հետագայում Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ համաձայնագիրը: