Արմինֆո. ԵԱՀԿ ավստրիական նախագահությունն ուշադրությամբ հետևել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 16-ին Ժնևում ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ կայքում զետեղված հայտարարությունում:
«Մենք ուրախ ենք տեսնել նոր լիցք բանակցություններում, ինչպես նաև բանակցային գործընթացն աշխուժացնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու համար լրացուցիչ քայլեր որոնելու նախագահների հանձնառությունը: Նախագահությունն ակնկալում է, որ հանդիպումների վերսկսումը կարտացոլվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպատակաուղղված որոշակի քայլերում: Կողմերի ջանքերի առանցքը պետք է լինի խաղաղություն ծրագրելը: Նախագահությունը, որը հանդիպմանը ներկայացված է իր անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի միջոցով, ընդգծում է իր շարունակական պատրաստակամությունը` այսուհետև ևս աջակցելու համակողմանի խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին՚, - ասվում է ավստրիական նախագահության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցել էին նաև արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամադյարովը, Մինսկի միջնորդներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Համանախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամ են մնում աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու երկու երկրների արտգործնախարարների հետ: