Արմինֆո. Աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և Բելառուսի քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչին ընդունել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: ՀՀ ՔԿ հաղորդման համաձայն, երեք երկրների քննչական կոմիտեների նախագահներն առանձնազրույցից հետո ստորագրել են երկկողմ փոխըմբռնման հուշագրեր։
«Հուշագրերի ստորագրումը նոր էջ է բացում Քննչական կոմիտեների փոխգործակցության համար՝ հնարավորություն տալով խորացնել համագործակցությունը մինչդատական վարույթի ոլորտում փորձագիտական հետազոտությունների նոր մեթոդների, քրեագիտական ձեռքբերումների, մասնագիտական վերապատրաստումների, գիտագործնական սեմինարների, գիտաժողովների անցկացման, ինչպես նաև՝ համատեղ կարևորություն ունեցող մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման համար», - ասել է Աղվան Հովսեփյանը և համոզմունք հայտնել, որ հուշագրերի դրույթների կիրարկումը կդառնա տարածաշրջանում մինչդատական վարույթ իրականացնող մարմինների համագործակցության ամրապնդման լավագույն դրսևորումներից մեկը։ Նա նաև հաղորդել է, որ հուշագրի ստորագրումից հետո մեկնարկում է Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստը։
Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն, իր հերթին, պատմական է համարել ընթացող նիստը, որը ցույց է տալիս երեք երկրների քննչական մարմինների արդյունավետ փոխգործակցությունը: Նա կարևորել է համագործակցության իրավական հիմքի հետագա ընդլայնումը, համոզմունք հայտնելով, որ ստորագրված հուշագիրը կծառայի երեք երկրների քաղաքացիների պաշտպանության ապահովմանն ու առավել սերտ փոխգործակցությանը հանցագործությունների հետաքննության տեսանկլյունից:
Բելառուսի քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչն էլ ընդգծել է, որ կոլեգիայի նիստում ընդգրկված հարցերն արդիական են, հատկապես` նախաքննության և կիբերանվտանգության հարցերը: