Արմինֆո. ՄԱԿ հաշվարկների համաձայն, ներկա ժողովրդագրական և միգրացիոն միտումների պահպանման դեպքում Հայաստանի բնակչությունը կշարունակի կրճատվել` մինչև 2035 թիվը հասնելով 2,5 մլն-ի: Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր հանրապետության բնակչությունը 3 մլն-ից պակաս է: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ բնակչության հիմնադրամի (UNFPA) Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` հոկտեմբերի 17-ի մամուլի ասուլիսում ներկայացնելով ՄԱԿ-ի «Աշխարհի ազգաբնակչությունը 2017 թվին՚ զեկույցը:
Հիմնադրամի հաշվարկների համաձայն, երկրի բնակչության թվի ավելացմանն ուղղված լուրջ քայլեր ձեռնարկելու դեպքում, որոնք նպատակաուղղված լինեն, մասնավորապես, ծնելիության և հայրենադարձության ավելացմանը, մինչև 2035 թիվը Հայաստանի քաղաքացիների թիվը կարող է հնասնել մինչև 3.2 մլն: Հայրապետյանի համոզմամբ, դա տեսականորեն հնարավոր է, սակայն, գործնականում, դրան հասնելը չափազանց դժվար կլինի: Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի ներկայացրած նշաձողին, 2040 թվին Հայաստանում մինչև 4 մլն բնակչության աճի ապահովմանը, ապա այդ նպատակը, ՄԱԿ ազգաբնակչության հիմնադրամի ներկայացուցչի ասելով, ոչ միայն չափազանց հավակնոտ է, այլև, դժբախտաբար, դժվար իրագործելի:
Գարիկ Հայրապետյանը նաև հաղորդել է, որ Հայաստանը բնակչության եկամուտների անհավասարության ցուցանիշ ունեցող երկրների «առաջատար տասնյակում՚ է: Միևնույն ժամանակ, Հայաստանն առաջավոր տեղեր է զբաղեցնում մի շարք ցուցանիշների գծով: 2008 թվականից ի վեր կրկնապատկվել են երեխաների խնամքի համար նպաստները, ներդրվել է ծննդաբերության սերտիֆիկատների համակարգ: Մայրական մահացության ցուցանիշով նույնպս Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել. 2000 թվականից 3 անգամ նվազել է մայրական մահացության գործակիցը:
Անդրադառնալով կանանց և տղամարդկանց աշխատանքի դիմաց վարձատրության անհավասարությանը` փորձագետը նշել է, որ Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է 36 տոկոս: Կրթություն և աշխատանք ստանալու առումով հայուհիների և վրացուհիների հնարավորությունները հավասար են, իսկ ադրբեջանցի կանայք հայտնվել են ամենաաննախանձելի վիճակում: Ուշագրավ է, որ Հայրապետյանի ասելով, կրթություն ստանալու ցուցանիշը կանանց շրջանում ավելի բարձր է, սակայն տղամարդիկ ավելի հեշտ են աշխատանքի տեղավորվում:
Այս ֆոնին հետաքրքիր է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` մայիսի 19-ին վեցերորդ գումարման ԱԺ առաջին նիստում արած հայտարարությունը, ըստ որի, մինչև 2040 թիվը Հայաստանի բնակչությունը պետք է կազմի 4 մլն: Նոր կառավարության ծրագրում կա մի ողջ բաժին, որը նպատակաուղղված է հանրապետության ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, սակայն, ըստ երևույթին, ՄԱԿ փորձագետների կարծիքով, այդ նպաակների իրագործման հասնելը, գործնականում, անհնար է:
Նշենք, որ պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հանրապետության մշտական բնակչության թիվը կազմել է 2 981,5 հազար: Այդպիսով, 1991 թվականին Հայաստանի անկախության հռչակումից ի վեր բնակչության թիվը մոտ 640 հազարով պակասել է: Հաշվի առնելով միգրանտներին, որոնք չեն հրաժարվում Հայաստանում գրանցումից, երկրում մշտապես ապրողների իրական թիվը, անկախ դիտորդների կարծիքով, կարող է կազմել 2,6 - 2,7 մլն: