Արմինֆո.Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Էլման Նասիրովը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վերջին գործողությունները, որոնք, ըստ նրա, ուղղված են Բաքվի դեմ և կարող են վնասել երկկողմ հարաբերություններին:
Պատգամավորին, մասնավորապես, դուր չի եկել այն փաստը, որ Անկարան առայժմ չի արձագանքել Լեռնային Ղարաբաղ այցելած իր չորս քաղաքացիներին հանձնելու Բաքվի պահանջը: «Նման լռության պայմաններում այդ անձանց ակտիվությունն էլ ավելի է մեծանում, ինչն, իհարկե, լուրջ մտահոգություն է առաջացնում ադրբեջանական հասարակությունում: Ամեն դեպքում այդ այցը լուրջ հանցագործութուն է, և այն չպետք է անպատիժ մնա»,- համոզված է ադրբեջանցի պատգամավորը:
Նրան դուր չի եկել նաև այն փաստը, որ Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության որոշ անդամներ քվեարկել են հակաադրբեջանական բանաձևի «օգտին»: «Վերջերս ԵԽԽՎ-ում որոշ պատգամավորները, «գործիք լինելով հայկական սփյուռքի», «հայկական լոբբիի» ձեռքում, քվեարկել են «հակաադրբեջանական» երկու բանաձևի օգտին: Մեզ զարմացրեց մեկ այլ բան. այդ հայամետ պատգամավորների թվում երեք թուրք խորհրդարանականի առկայությունը, այդ թվում այնպիսի հայտնի քաղաքական գործչի, ինչպես՝ Դենիզ Բայկալը /Թուրքիայում խոշոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջանորդ/:
Պատգամավորի կարծիքով, թուրք հասարակայնությունը պետք է հանդես կա խիստ դատապարտմամբ, իր բացասական վերաբերմունքը հայտնի նման գործողությունների առնչությամբ՝ հետագայում նման քայլեր թույլ չտալու նպատակով: «Ակնկալում ենք, որ Թուրքիայի ղեկավարությունը նույնպես անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի գործողությունների առնչությամբ, որոնք կարող են ստվեր նետել մեր երկրների բարեկամության և եղբայրության վրա»,- ասել է Նասիրովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում թուրքական մտավորականության ներկայացուցիչներ Ուֆուք Արասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չեքինօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն այցելել են Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Այդ այցը հարուցել է Ադրբեջանի ցավագին արձագանքը: ԱՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել վերոհիշյալ անձանց նկատմամբ: Ավելին, նրանց նկատմամբ միջազգային հտախուզում է հայտարարվել՝ Ինտերպոլի գծով: Հայտնի է, որ Թուրքիան իր քաղաքացիներին չի հանձնում օտարերկրյա պետություններին՝ Ինտերպոլի հարցմամբ: Սակայն, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ Անկարան կկատարի ադրբեջանական օրենսդրության իրավական պահանջները: