Արմինֆո. Նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Ժնևոմ կայացած հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը վերջին երկար ժամանակահատվածի ամենադրական հայտարարությունն է, համոզված է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
«Դա խոսում է այան մասին, որ կողմերը ցանկանում են ակտիվացնել գործընթացը և մտադիր են ձեռնարկել շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ միջոցառումներ», - ասել է Բրայզան:
Նրա խոսքերով, հաջորդ տրամաբանական քայլը կլինի աշխատանքային նիստերի կազմակերպումը Հայաստանի և Ադրբեջանի և արտգործնախարարների մասնակցությամբ: «Եթե նախագահները պայմանավորվել են վերսկսել գործընթացը, իհարկե, համանախագահների պարտքն է կազմակերպել նման հանդիպումներ Արտաքին գործերի նախարարությունների հետ: Դա իսկապես լավ է», - հավելել է Բրայզան:
Հոկտեմբերի 16-ի Ժնևում տեղի է ունեցել Սարգսյան-Ալիև հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, Մինսկի խմբի միջնորդներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆֆերը (ԱՄՆ), Շտեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները պայմանավորվել են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման և շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, միջնորդներն իրենց հանձնառությունն են հայտնել շարունակելու ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ աշխատել, գտնել խաղաղ լուծելու ճանապարհներ: Որպես հաջորդ քայլ միջնորդները նշել են երկու երկրների արտգործնախարարների հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպումը: