Արմինֆո.Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել շվեյցարահայ
համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ իր ներածական խոսքում նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է հանրապետության նախագահը:
Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Այդ մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ:
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը հաջորդել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:
Արմինֆո. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: