Արմինֆո. «Անդրադառնալով նախագահների հանդիպմանը` առաջին հերթին հարկավոր է հաշվի առնել այն քաղաքական իրավիճակը, որում անցնում են այդ հանդիպումները: Տվյալ պահի դրությամբ քաղաքական իրադրությունը Հայաստանի համար չափազանց բարենպաստ է՚, - այդ մասին հոկտեմբերի 16-ին մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մինասյանը:
Որպես Հայաստանի համար բարենպաստ աշխարհաքաղաքական իրադրության ապացույց փորձագետը նշել է ՀՀ և ԵՄ միջև ընդլայնված և համապարփակ համագործակցության շուրջ համաձայնագրի առաջիկա ստորագրումը: «Դա այն բանի ապացույցն է, որ ԵՄ–ն Հայաստանը համարում է Եվրոպայի մաս և այն դիտարկում որպես եվրոպական արժեքներին ու ստանդարտներին համապատասխանող երկիր: Եվրոպան ցանկանում է խորացնել և զարգացնել Հայաստանի հետ իր հարաբերությունները, դա ակնհայտ է, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ պատկերը միանգամայն հակառակն է՚, - նշել է Մինասյանը:
Քաղաքագետը նշել է, որ վերջն 3 տարում Երևանը, վերջապես, հասկացել է, թե ում հետ գործ ունի: «Մարդու իրավունքների խախտումներին, ինչպես նաև, այսպես կոչված, «ադրբեջանական լանդրոմատին՚ առնչվող վերջին սկանդալները ակնհայտորեն ցույց տվեցին, որ այլևս հնարավոր չէ Ադրբեջանին հանդուրժել Եվրախորհրդում՚, - հայտարարել է Մինասյանը:
Նա նշել է, որ Եվրոպան սկսում է դաստիարակչական աշխատանքն Ադրբեջանի նկատմամբ, այնպես, ինչպես պարբերաբար տարվում է Թուրքիայի նկատմամբ: «Թուրքիան և Ադրբեջանն աստիճանաբար դառնում են նույնական երկրներ, իսկ աշխարհը` ի դեմս Եվրոպայի, փորձում է նրանց փոխել՚, - ընդգծել է փորձագետը: Բացի ԵՄ-ից, Մինասյանի կարծիկքով, Հայաստանի հետ հարաբերությունների խորացման նույնպիսի միտում է դիտվում ԱՄՆ-ում: «Երբ Հայաստանում անցնում էին ՀԱՊԿ զորավարժություներ, ամերիկացի գեներալը հայտարարեց, որ ԱՄՆ կխորացնի համագործակցությունը Հայաստանի ԶՈՒ հետ, և ռուսական ռազմակայանն այդ հարցում խոչընդոտ չէ՚, - նշել է քաղաքագետը, հավելելով, որ Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն է դրսևորում նաև Չինաստանը: Մինասյանի կարծիքով, այդ ամենը ցույց է տալիս, որ եկել է հարմար պատմական պահը, որպեսզի Հայաստանը դառնա կապող օղակ Արևմուտքի և Արևելքի միջև:
Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը, ապա, փորձագետի կարծիքով, նման բան կպատահի միայն այն դպեքում եթե Բաքուն բոլորովին թքած ունի Արևմուտքի և Ռուսաստանի վրա, իսկ դա քիչ հավանական է: