Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ՙՄիսս Հայաստան/Miss Armenia՚ ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՔԿ մամուլի ծառայությունից, ՙՄիսս Հայաստան-Ազգային գործակալություն՚ ՀԿ-ի ներկայացուցչից 2017թ. սեպտեմբերի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ՙՄիսս Հայաստան-Ազգային գործակալություն՚ ՀԿ-ն հանդիսանում է ՙՄիսս Հայաստան/Miss Armenia՚ ապրանքային նշանների իրավատերը, իսկ ՙՄիսս Արմենիա՚ համահայկական, մշակութային հիմնադրամը նշված ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ սույն թվականի սեպտեմբերին կազմակերպել է ՙՄիսս Հայաստան՚ 2017 գեղեցկության մրցույթը, որի արդյունքում ՙՄիսս Հայաստան-ազգային գործակալություն՚ ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:
«Հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ ՙՄիսս Արմենիա՚ համահայկական, մշակութային հիմնադրամը նշված մրցույթի համար եկամուտ է ստացել տոմսերի վաճառքից, բջջային հաղորդագրությունների միջոցով անցկացված քվեարկությունից, որի արդյունքում ՙՄիսս Հայաստան-Ազգային գործակալություն՚ ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով՝ ապրանքային նշանի ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ, որը հոկտեմբերի 10-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ՚, - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ «Միսս Հայաստան-1998՚ Գոհար Հարությունյանը հնգամյա դադարից հետո որոշել էր սեպտեմբերին վերսկսել «Միսս Հայաստան՚ մրցույթի անցկացումը: Սակայն ՙՄիսս Հայաստան-Ազգային գործակալություն՚ ՀԿ-ն ի սկզբանե հայտարարել էր, որ մրցույթի նացկացումն օրինական չէ, քանի որ «Միսս Հայաստան՚ ապրանքային նշանի օգտագործման իրավունքն իրեն է պատկանում:
Ի դեպ, դա «Միսս Հայաստան 2017՚ մրցույթին առնչվող միակ սկանդալը չէ: Մրցույթից անմիջապես հետո հաղթող Լիլի Սարգսյանին թագ նվիրած ընկերությունը հետ էր վերցրել այն, պատճառաբանելով, թե մրցույթի կազմակերպիչներն իրենց խոստումը չեն կատարել և վատ են գովազդել ընկերությանը:
ՀՀ ՔՕ 197 հոդվածը (ապրանքանիշի ապօրինի օգտագործում) նախատեսում է նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափ տուգանք, կամ` մինչև 2 տարի ուղղիչ աշխատանքներ, կամ` մինչև 2 ամիս կալանք: