Արմինֆո.Երևանը պետք է պաշտոնապես ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությանն արժանացնի Իլհամ Ալիևի վերջին սադրանքները Հայաստանի հետ սահմանին և նրա սադրիչ ելույթները Բաքվում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:
Սեպտեմբերի 24-ին Նյու Յյորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների ներկայությամբ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելուն առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում: Դրանից առաջ նրանք հանդիպել էին Վիեննայում:
Բարձրագույն մակարդակի բանակցությունները շարունակելու համար Երևանը պնդում է հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված առաջարկությունների իրագործումը: Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել այդ համաձայնագիրը:
«Ինձ թվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին հայ-ադրբեջանական սահմանին, Տավուշում հայ զինծառայողի սպանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ` սադրանք: Եվ ՀԱՊԿ-ն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ինչ-որ կերպ արձագանքեն: Վերջ ի վերջո, ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը Հայաստանի հանդեպ անվտանգության ապահովման պարտավորություններ ունեն, սակայն յուրաքանչյուր նման դեպքում վկայակոչում են ԵԱՀԿ Մինսկի խումբը: Եվ Երևանը հայ զինծառայողի վերջին սպանության լույսի ներքո պետք է նրանց հիշեցնի այդ պարտավորությունների մասին՚, - նշել է նա:
Քաղաքագետը հայ զինծառայողի սպանությունը պայմանավորում է Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմամբ, նշելով, այդ լույսի ներքո Բաքվի հետ ցանկացած պայմանավորվածություն չափազանց վտանգավոր է: Նրա գնահատմամբ, այսօր Ալիևը հերթական անգամ փորձում է սեփական բանակցային օրակարգը պարտադրել Հայաստանին` ի շրջանցումն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի:
«Բաքվում արդարացիորեն զգուշանում են այդ համաձայնագրերի իրագործումից, մասնավորապես, միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրումից և վստահության մթնոլորտի ստեղծումից: Եվ արտգործնախարարների վերջին հանդիպումները, նախագահների առաջիկա հանդիպումն Ադրբեջանի համար սեփական նախապայմանները ներկայացնելու հերթական փորձ է, մասնավորապես` Արցախի տարածքներից հայկական ուժերի դուրս բերման պահանջը՚, - ամփոփել է Գրիգորյանը:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):