Արմինֆո. Ամերիկացի ռեժիսոր Դևիդ Լի Ջոնսի «Ժխտման ճարտարապետները» նոր վավերագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, անցել է «Օսկար» մրցանակի որակավորման փուլը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA), վկայակոչելով ֆիլմի պրոդյուսեր Մոնթել Ուիլյամսին, 26 հազար հայտերից ընտրվել է 159 ֆիլմ, որոնց թվում է նաև «Ժխտման ճարտարապետները»։ Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնի Ռազմածովային հուշահամալիրում:
«Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմում Ցեղասպանության պատմությունը ներկայացնում են այն վերապրած մարդիկ ու փորձագետները: Նկարահանումներին մասնակցել են «Վիկիլիկսի՚ հիմնադիր Ջուլիան Ասանժը, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակից Սիբել Էդմոնսը, միջազգային իրավունքի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը, Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբար Թաներ Աքչամը և շատ ուրիշներ: Ֆիլմում նաև ցուցադրված 2016 թվականի ապրիլին Ղարաբաղի Թալիշ գյուղում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող կադրեր:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ