Արմինֆո.Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարի ընտրությունների առաջին փուլում հայկական պատվիրակությունն աջակցել է Կիպրոսի ներկայացուցիչ Ստելա Կիրիակիդեսի թեկնածությանը:
Իր դիրքորոշումը հայկական պատվիրակությունը հիմնավորել է այն փաստով, որ Կիպրոսի ներկայացուցչի անունը որևէ սկանդալում կամ գործարքում հիշատակված չէ, ԵԽԽՎ աշխատանքների ընթացքում նա դրսևորել է իրեն որպես սկզբունքային, օբյեկտիվ և ազնիվ մարդ:
ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու, երկրորդը Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսն է: ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն՝ կազմակերպության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների (152 մարդ), ձայների բացարձակ մեծամասնությամբ, եթե ձայների անհրաժեշտ քանակ չապահովվի, նշանակվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ թեկնածուն նույնպես պետք է ձայների բացարձակ մեծամասնություն ստանա: Եթե այդ դեպքում ևս ձայները չբավարարեն, նշանակվում է երրորդ փուլ, որում բավական է ստանալ ձայների համեմատական մեծամասնություն:
Նշենք, ԵԽԽՎ արդեն նախկին ղեկավար Պեդրո Ագրամուտն օրերս հրաժարական է տվել: ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնից Պեդրո Ագրամունտի հրաժարականի հարցը բարձրացվել է բազմիցս: Առաջին անգամ Ագրամունտին վստահության հարցը բարձրացվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ: Որպես դրա պատճառ՝ նշվել է Սիրիա այցը և նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումը: Նույն ժամանակաշրջանում բացահայտվել է կոռուպցիոն սկանդալ՝ իտալացի խորհրդարանական Լուկա դե Վոլոնտեի մասնակցությամբ, ով կաշառք է ստացել Ադրբեջանից՝ որոշակի քաղաքական ծառայությունների դիմաց: Այդ սկանդալում լայնորեն շրջանառվել է նաև Ագրամունտի անունը: Վերջինս այդ ամենում մեղադրել է հայկական պատվիրակությանը, որն իբր զրպարտում է նրան: Սակայն, սկանդալը շարունակություն է ունեցել. վերջերս ջրի երես են դուրս եկել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ադրբեջանի նոր կոռուպցիոն գործարքների մասին սկանդալային փաստեր: Այն ստացել է «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը, որում, եվրոպացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, կրկին հիշատակվում է Ագրամունտի անունը: