Արմինֆո.«Ալիևը հերթական անգամ հանդես է եկել իրեն բնորոշ և իրականության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարությամբ: Բոլորին ակնհայտ է, թե հատկապես ում է ձեռնտու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները խափանելը»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Հայաստանը փորձել է խափանել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություները, բայց դա իրեն չի հաջողվել, որ Բաքուն թույլ չի տա երկրորդ հայկական պետության ստեղծում, իսկ ԱՀ տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ:
Շարմազանովի խոսքով, բանակցությունների առնչությամբ Ալիևի դիրքորոշումը դրսևորվել է թե ապրիլյան պատերազմի ժամանակ, թե բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա հայտարարոթյունների ժամանակ՝ դրանով իսկ հերքելով Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ մեկ այլ հիմնարար սկզբունք: «Եթե Ալիևին թվում է, թե ամեն բան պիտի ընթանա բացառապես իր սցենարով, նա խիստ սխալվում է: Նա միշտ ասում է, թե թույլ չի տա երկրորդ հայկական պետության ստեղծում, բայց այն արդեն գոյություն ունի: Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, և ոչ թե Ալիևը, այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրա պետության ժողովուրդը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են որոշում այդ պետության ճակատագիրը»,- ընդգծել է Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է նաև, որ Ալիևի բազմաթիվ հայտարարությունները, որոնք վերաբերում են միայն տարածքային ամբողջականությանն առնչվող հարցերին, ակնհայտորեն ցույց են տալիս նրա իրական ծրագրերն ու մտադրությունները: «Ժամանակն է, որպեսզի Ալիևը հասկանա, որ աշխարհում ամեն բան չէ կախված բացառապես իր որոշումներից»,- ասել է Շարմազանովը:
Նշենք, որ այսօր նախարարների կաբինետի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է: «Մեր երկրի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չի կարող լինել»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը: Ըստ որում, նա կրկին հայտարարել է, որ Ադրբեջանը թույլ չի տա «իր հողերի վրա» երկրորդ հայկական պետության ստեղծումը: Նա հերթական անգամ Հայաստանին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը խափանելու փորձերում և փաստել, որ դրանք հաջողությամբ չեն պսակվել: