Արմինֆո. ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել են ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ «Փոխգործակցություն 2017» համատեղ զորավարժությունները:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը զորավարժությունների բացմանը հայտարարել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերին՝ որպես միջազգային հարաբերություններում կոնֆլիկտայնության նվազեցման, ճգնաժամերի կարգավորման կարևորագույն գործիքներից մեկը: «Աշխարհում, ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն սահմանակից տարածաշրջանում, այդ թվում՝ Կովկասյան տարածաշրջանում, ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքական, էթնիկ, տնտեսական, կրոնական և այլ հակասությունների հողի վրա կոնֆլիկտների առաջացման հավանականությունը շարունակում է շատ բարձր մնալ, և դրանց կարգավորումը, առանց ՀԱՊԿ-ի և ՕԱՀՈՒ-ի, անհնար է թվում»,- նշել է Հակոբյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն իր հերթին նշել է, որ
Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները կազմակերպության ձևաչափում դիտարկվում են՝ որպես մարմինների նախապատրաստման և հավաքական ուժերի ձևավորման առանցքային կետ այն ժամանակահատվածում, որում գործում են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը։ «2009 թվականից շատ բան է արվել հագեցվածության, նախապատրաստության, Հավաքական անվտանգության խորհրդի կողմից վերջիններիս առջև դրված խնդիրները լուծելիս փոխգործակցության ապահովման առումով: ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարները մեր կազմակերպության ապագայի առնչությամբ նույն պատկերացումն ունեն։ Առաջինն ու ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր երկում ԶՈւ–ն ավելի հզոր և ավելի պատրաստված դառնա։ Դա առաջին և գլխավոր խնդիրն է։ Եթե յուրաքանչյուր երկիր լուրջ բանակ ունենա, կլինի լավ զինված ՀԱՊԿ բանակ, և կազմակերպությունը մեծ հեղինակություն կունենա»,– նշել է Խաչատուրովը։
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ -գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովն իր հերթին նշել է, որ զորավարժությունների ընթացքում ստուգվելու են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի պրակտիկ գործողությունները՝ զինված հակամարտության տեղայնացման երաշխավորման ուղղությամբ, ինչը հետագայում թույլ կտա համարժեք արձագանքել բոլոր առկա մարտահրավերներին ու սպառնալիքներին, հակազդել ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը: