Արմինֆո. «Անխախտ եղբայրություն-2017»-ը լուրջ պլանավորված միջոցառում է, այսօր ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ «Փոխգործակցություն 2017» համատեղ զորավարժությունների բացման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նա հիշեցրել է, որ զորավարժություններն ընթանում են մի քանի փուլով և մեկնարկել են կազմակերպության հետախուզական ստորաբաժանումների «Որոնում – 2017» զորավարժություններից Դոնի Ռոստովում, իսկ այնուհետև տեղափոխվել Հայաստանի տարածք: «Զորավարժություններն ընթանում են Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությամբ: Ինչո՞ւ Հարավային ռազմական օկրուգի կողմից, կհարցնեք դուք, երբ զորավարժությունները անցկացվում են Հայաստանում: Քանի որ հնարավոր է այնպիսի միջոցների կիրառում, որոնք կան միայն ՌԴ-ում, և դրանք կառավարել կարող են միայն ռուսները: Օրինակ՝ «Իսկանդեր» դիվիզիոններ: Այդ զորավարժությունների ավարտից հետո կանցկացվեն խաղաղապահ զորավարժություններ Ղազախստանի տարածքում»,- նշել է Խաչատուրովը:
Խոսելով ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության մասին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ մասնակից պետությունների զորքերը մշտապես հանդիպում են տարբեր միջոցառումներին, և վերջիններիս միջև հիանալի փոխգործակցություն է հաստատված: Խաչատուրովն ընդգծել է նաև, որ ՀԱՊԿ-ը, ոստիկանությունը և ԱԻՆ-ը սերտորեն փոխգործակցում են: «ՀԱՊԿ խնդիրը ոչ միայն ռազմական է, դա պայքար է Կազմակերպության երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման, վթարների հետևանքների վերացման դեմ: Հետևաբար՝ առանց վերոհիշյալ կառույցների հետ սերտ համագործակցության, հարցերը հնարավոր չէ լուծել»,- ասել է գլխավոր քարտուղարը:
ՀՀ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն իր հերթին նշել է, որ համագործակցության պլանի համաձայն՝ Հայաստանի տարածքում համատեղ զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ մասնակից վեց երկրների զորակազմերը: Նրա խոքով, հիմնական նպատակը Կովկասյան տարածաշրջանում հնարավոր սպառնալիքների դեմ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելն է, ինչպես նաև մեր տարածաշրջանում վտանգի չեզոքացմանն ուղղված հատուկ միջոցների մշակումը: