Արմինֆո.Հերթական ծեծկռտուքը ԱԺ-ում. այս անգամ ձեռնամարտի են բռնվել Հանրապետական պատգամավոր, 70-ամյա Արտաշես Գեղամյանը և «Ելք» ընդդիմադիր դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի միջանցքում: Հատկանշական է, որ նախաձեռնողը Արտաշես Գեղամյանն է եղել: Իսկ ամեն բան սկսվել է այն բանից, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասինե համաձայնագրի առնչությամբ իր ելույթում Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել համաձայնագիրը և Գեղամյանին, ով եռանդագին պաշտպանել է այդ փաստաթուղթը: Իր ելույթում Փաշինյանը Գեղամյանին անվանել է կոմունիզմի ջատագով և կոչ արել խոսել բացառապես մարքսիզմ-լենինիզմ թեմաների, այլ ոչ թե՝ միջազգային համաձայնագրերի մասին:
Իր գործընկերոջ նման հեգնական ելույթից մինչև հոգու խորքը վիրավորված Գեղամյանը որոշել է Փաշինյանի հետ հարաբերությունները պարզել ԱԺ միջանցքում, բռունցքներով հարվածել է նրան՝ պահանջելով այսուհետ չհիշատակել իր անունը ելույթներում: Միջադեպից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»: Իսկ «Ելք» դաշինքից պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ծեծկռտուքից հետո խորհրդարանի ամբիոնից Հանրապետական կուսակցությանը կոչ է արել զսպել իր պատգամավորներին: «Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ՀՀԿ-ն իր պատգամավորներին մանդատի փոխարեն պետք է զսպաշապիկներ տա»,- հայտարարել է նա:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2016 թ. հոկտեմբերի 3-ին Երևանում: Պայմանագրի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանք մատակարարող կողմն իրավունք ունի դրա
առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն
իրականացնելու: Այն կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, անհրաժեշտ պայմաններ է տրամադրում մատակարարող կողմին վերջինիս կողմից հսկողության իրականացման համար:
Համաձայնագրի գործողության տակ է ընկնում նաև ռուսական $200 մլն վարկի շրջանակներում Հայաստան մատակարարվող սպառազինությունը: Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով, Ռուսաստանը Հայաստան սպառազինության մատակարարումներ է իրականացրել համաշխարհային շուկայի գներից շատ ավելի ցածր գներով: Նա հավաստիացրել է, որ համաձայնագրի դրույթները լիարժեք իրականացվել են:
Կառավարող կուսակցության ներկայացուցիչներն իրենց միահամուռ աջակցությունն են հայտնել համաձայնագրին, իսկ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու օգտին հանդես եկեղ «Ելք» ընդդիմադիր դաշինքը կտրականապես դեմ է հանդես եկել: Մասնավորապես, դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ և այլ նման փաստաթղթերով Ռուսաստանը մաս-մաս զրկում է Հայաստանին ինքնիշխանությունից: