Արմինֆո. Թուրքիան Ադրբեջանին չի հանձնի Արցախ այցելած 4 մտավորականներին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի համոզմունք է հայտնել «Արեւմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանը, որի նախաձեռնությամբ թուրք մտավորականության ներկայացուցիչներն այցելել էին Արցախ, մեկնաբանելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալի այն հայտարարությունը, թե Արցախ այցելած Թուրքիայի 4 քաղաքացիների նկատմամբ իրավաբանական գործըթնացի շրջանակում Անկարան Ադրբեջանի պահանջով կկատարի իր պարտավորությունները:
«Հազիվ թե Թուրքիան իր քաղաքացիներին հանձնի Ադրբեջանին, քանի որ գիտակցում է, որ դրանով իսկ ինքը կխայտառակվի՚, - նշել է նա: Բացի այդ, Ախոյանն ընդգծել է, որ իր քաղաքացիների արտահանձնման դեպքում Թուրքիայում դժգոհության հզոր ալիք կբարձրանա առաջադեմ մտավորականության շրջանում: «Ես, ընդհանրապես, չեմ հասկանում, թե որն է նման աղմուկի պատճառը, չէ որ մինչև Հայաստան ժամանելը և Արցախ այցելելը Ուֆուք Արասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չեքինօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին նախազգուշացրել էին իրենց նախաձեռնության մասին: Դեսպանը ոչ մի կերպ դրան չէր արձագանքել: Դա կարող է ունենալ մի քանի բացատրություն. կամ լռությունը նշանակում էր համաձայնություն, կամ դեսպանի համար միևնույն էր, կամ կանխամտածված չի արձագանքել, որպեսզի հետագայում այդ այցից աղմուկ բարձրացնի՚, - բացատրել է Ախոյանը: Նա նաև հավաստիացրել է, որ Ուֆուք Արասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չեքինօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն չեն ափսոսում Արցախ այցի համար և մտադիր չեն վերանայել իրենց հայտարարությունները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Թուրքիկայի դեսպան Էրքան Օզորալը, անդրադառնալով Արցախ այցելած 4 թուրք մտավորականներին արտահանձնելու Բաքվի պահանջին, հայտարարել է. «Մենք նոր ենք իմացել, որ Թուրքիայի որոշ քաղաքացիներ մեկնել են Լեռնային Ղարաբաղ: Նմանօրինակ ապօրինի այցերը, բնականաբար, վնասում են կարգավորման գործընթացին: Թուրքիան վճռականորեն դատապարտում է այնպիսի գործողությունները, որոնք արգելակում են կարգավորման գործընթացը: Այդ այցի մասնակիցները Թուրքիայի պաշտոնական դիրքրոոշումը ներկայացնելու լիազորություն չունեն: Նրանք այնտեղ են մեկնել անձնական դրդապատճառնրեով: Մեր պաշտոնական դիրքրոոշումը բոլորին հայտնի է՚, - ասել է դեսօպանը: Օզորալը նաև մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանակում քրեական գործերի հարուցումը, նշելով, որ դա իրավաբանական գործընթաց է, որի պահանջները կկատարվեն: «Մենք հարգանքով ենք վերաբերվում իրավական համակարգին՚, - հայտարարել է դեսպանը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախ այցելած թուրք մտավորականության ներկայացուցիչների նկատմամբ: ԱՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմնավորված կասկածներ կան այն մասին, որ 2017 սեպտեմբերի 22-ին Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ուֆուք Արասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չեքինօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն, դիտավորյալ հատել են Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված պետական սահմանը՝ առանց գործադիր իշխանության համապատասխան մարմնի փաստաթղթերի և համաձայնության, շրջանցելով պետական սահմանի անցակետը, այսինքն՝ Հայաստանի տարածքով «ապօրինի այցելել են Ստեփանակերտ և այլ բնակավայրեր»: Այդ առնչությամբ 2017 թ. սեպտեմբերի 28-ին Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ 318.2 հոդվածով, այն է՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում։ Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում Ինտերպոլի գծով: Հավելենք նաև, որ Թուրքիան իր քաղաքացիներին օտար պետությունների չի հանձնում Ինտերպոլի հարցումով:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ