Արմինֆո. Տարածաշրջանի բոլոր երկրներն, իհարկե, դեմ են Քրդստանի անկախությանը. Իրանը, Իրաքը, Թուրքիան և Սիրիան գտնվում են Քրդստանի հարևանությամբ, և դրանցից յուրաքանչյուրի տարածքում մեծ թվով քրդեր են ապրում, ուստի նրանք սեփական տարածք քրդական անկախության ալիքի արտահանման մտավախություն ունեն, սակայն անկախ Իրաքյան Քրդստանի ստեղծումն արդեն անշրջելի գործընթաց է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել քրդական փոքրամասնությունից ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովը:
Նա համոզմունք է հայտնել, որ անկախ Քրդստանը դիվանագիտական և բարեկամական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ: «Դեռ Սադամ Հուսեինի ժամանակներում բազմաթիվ հայեր մեկնել էին Իրաք և պաշտպանել քրդերին քաղաքացիական պատերազմի շրջանում՚, - նշել է Հասանովը, ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը միշտ բաց է տարածաշրջանի պետությունների հետ նոր հարաբերությունների համար:
Խոսելով այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա անկախ Քրդստանի ստեղծումն ազգերի ինքնորոշման գործընթացի վրա, Հասանովը հայտարարել է. «Եթե միջազգային հանրությունը ճանաչի անկախ Քրդստանը, դա անխուսափելիորեն կհանգեցնի Արցախի միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացման՚: