Արմինֆո. Իրաքյան Քրդստանի փոփոխությունները, որոնց մեկնարկը տվեց անկախության շուրջ հանրաքվեն, Իրանում դոմինոյի էֆեկտով ուղեկցվող քրդական գործոնի ուժեղացումը դարձնում է Հայաստանի համար, թերևս, ամենամեծ սպառնալիքը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Վարդան Ոսկանյանը:
«Վերջին հաշվով, այդ հզորացումը կարող է հասնել մինչև Իրանի հյուսիսային Ատրպատական նահանգ: Եվ թյուրքալեզու անջատական շարժման զարգացման սպառնալիքը մեր հարավային սահմանների մոտ, ակնհայտորեն, Հայաստանի շահերից չի բխում: Իսկ, ընդհանուր առմամբ, իրաքյան քրդերի շուրջ բազմաշերտ և բազմավեկտոր գործընթացը Հայաստանի համար ներառում է ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ: Եվ Երևանը պետք է հնարավորինս առանց հույզերի գնահատի ինչպես հավանական վտանգները, այնպես էլ հնարավորությունները` ղեկավարվելով բացառապես սեփական շահերով՚, - ընդգծել է փորձագետը:
Ըստ նախնական տվյալների, սեպտեմբերի 25-ի հանրաքվերում Իրաքից տարածաշրջանի անկախության օգտին քվեարկել է Իրաքյան Քրդստանի բնակչության ավելի քան 95 տոկոսը: Բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Շիրվան Զարարիի տվյալներով, քվեարկությանը մասնակցել է 3 մլն 305 հազար 925 մարդ: Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո 72 ժամվա ընթացքում:
«Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` մենք չենք կարող անտաբեր մնալ անկախության համար քրդերի պայքարի նկատմամբ: Ակնհայտ է, որ Իրանի հյուսիսի անվտանգության սպառնալիքը կարող է չափազանց բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա, քանի որ դեպի Իրան ելքը մեզ համար կենսական կարևորություն ունի: Կարծում եմ, որ ցանկացած այլ պետության շահերի հետ մեր շահերի համընկնումը կհանգեցնի գործընթացների զարգացման Հայաստանի համար ավելի բարենպաստ հունով՚, - ընդգծել է նա:
Հայաստանի համար դրական միտումներից արևելագետը կանխատեսել է Էրդողան-Բարզանի անտեսանելի, սակայն, նրա կարծիքով, հավանական դաշինքի խորտակումը, որի օգնությամբ Անկարան ձգտում է գերակշռող դառնալ Մերձավոր արևելքում:
Ոսկանյանը նաև կարծում է, որ Անկարայի լրացուցիչ քրդական խնդիրները լրացուցիչ ռեսուրսներ կպահանջեն բուն Թուրքիայում քրդական գործոնի հզորացում թույլ չտալու նպատակով` պայմանավորված հարևան Իրաքի տարածքում քրդական պետականության ստեղծման գործընթացի մեկնարկով: