Արմինֆո. Սեպտեմբերի 25-ի Հանրաքվեն Իրաքյան Քրդստանի անկախության անհապաղ հռչակման չի հանգեցնի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Վարդան Ոսկանյանը:
Ըստ նախնական տվյալների, սեպտեմբերի 25-ի հանրաքվերում Իրաքից տարածաշրջանի անկախության օգտին քվեարկել է Իրաքյան Քրդստանի բնակչության ավելի քան 95 տոկոսը: Բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Շիրվան Զարարիի տվյալներով, քվեարկությանը մասնակցել է 3 մլն 305 հազար 925 մարդ: Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո 72 ժամվա ընթացքում:
«Հասկանալի է, որ Քրդստանի կառավարությունն իր հետագա գործողությունները կծրագրի` ելնելով հանրաքվեի արդյունքներից, սակայն, ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին արդեն հայտարարել է անկախության շուրջ բանակցային գործընթացի մասին, որը կարող է տևել երկու տարուց ավելի: Եվ այդ գործընթացը հաջողությամբ ավրատին հասցնելու համար քրդական իշխանությունները պետք է ապահովեին ժողովրդի աջակցությունը՚, - նշել է նա:
Արևելագետի գնահատմամբ, Էրբիլն այժմ ձգտում է օգտգագործել հանրաքվեի արդյունքները` Բաղդադից մեծ արտոնություններ կորզելու, ինչպես նաև Իրաքի հյուսիսում անկախություն հռչակելու նպատակով, այլ կերպ ասած, Իրաքյան Քրդստանի ճանաչված ներքին սահմաններում գտնվող տարածքը, որտեղ գտնվում է, օրինակ, Քըրքուկը` իր նավթի վիթխարի պաշարներով, և Իրաքի գազի պաշարների 50 տոկոսը:
Ոսկանյանն ընդգծել է, որ հանրաքվեն պաշտպանել է միայն Իսրայելը, մինչդեռ ոչ մի այլ երկիր չի ցանկանում Քրդստանը տեսնել անկախ: Նրա գնահատմամբ, Հարևան Իրանի դիվանագիտական մոտեցման ֆոնին էլ ավելի է ընդգծվում Թուրքիայի կոշտ դիրքորոշումը, որն Էրդողանի շուրթերով արդեն սպառնալիքներ և նախազգուշացումներ է հնչեցնում:
«Հաշվի առնելով ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի երկրների բացասական արձագանքը` ակնհայտ է, որ քրդական խնդիրը չի սահմանափակվում Բաղդադի և Էրբիլի հարաբերություններով` շոշափելով շատ խաղացողների շահեր: Չափազանց կարևոր է, որ Վաշինգտոնը դեմ է Քրդստանի անկախությանը, ընդսմին սատարելով Սիրիայի քրդերին, որոնք, ըստ էության, Քրդստանի աշխատավորական կուսակցության թևն են, որն ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական: Այդպիսով, Քրդստանն այսօր բազմաթիվ տերությունների շահերի բախման էպիկենտրոնում է, ինչը հեռանում է իրաքյան քրդերի և արաբների հարաբերությունների սահմաններից՚, - ամփոփել է Ոսկանյանը: