Արմինֆո.«Մենք գործ ունենք կայացած պետության հետ, որն ունի մարտունակ բանակ և արդյունավետ իշխանություն՚, - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում կածիք է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը որպես դիտորդ ներկա է եղել Իրաքյան Քրդստանում նախօրեին անցկացված անկախության շուրջ հանրաքվեին:
Նրա ասելով, հանրաքվեն կազմակերպված էր պատշաճ մակարդակով: «Հարյուրավոր մարդիկ, չնայած շոգին, կանգնած էին տեղամասերում, սպասելով քվեարկելու իրենց հերթին, սակայն ոչ մի հրմշտոց կամ լարվածություն չի արձանագրվել՚, - պատմել է Սարգսյանը:
Սարգսյանը նաև հաղորդել է, որ քրդական ինքնավարության ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում վերջինները բազմիցս հայտարարել են, որ Բաղդադի հետ առճակատման չեն գնա և մտադիր չեն Իրաքի դրոշներն իջեցնել հանրաքվեից անմիջապես հետո: «Քրդական ինքնավարության ղեկավարությունը գործում է չափազանց զուսպ և կշռադատված` որպեսզի անկախություն ստանալու գործընթացը համահունչ լինի բոլոր միջազգային նորմերին՚, - նշել է նա, ընդգծելով, որ Էրբիլին քիչ է մտահոգում երկում առկա գործընթացների նկատմամբ հարևանների նյարդային արձագանքը: «Նրանք պատրաստ են զենքը ձեռքներին պաշտպանել իրենց անկախությունը, դրա համար ունենալով բավականին հզոր բանակ, որը կարողացավ տարածքը մաքրել ԻՊ ահաբեկիչներից՚, - ասել է ՀԴԿ առաջնորդը:
Անդրադառնալով Քրդստանում առկա գործընթացներին և դրանց ազդեցությանը տարածաշրջանի իրավիճակի, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության վրա, ՀԴԿ առաջնորդը նշել է, որ Երևանը պետք է ուշադրությամբ հետևի իրավիճակին և վերլուծի այն` գիտակցելու համար, թե ինչպես այդ գործընթացներն օգտագործի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` իր համար շահավետ ձևով: «Մենք պետք է հասկանանք, թե քրդական հանրաքվեն ինչպես կարելի է օգտագործել որպես նախադեպ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար՚, - ամփոփել է նա:
Հավելենք, որ հանրաքվեին որպես դիտորդ ներկա են եղել շուրջ 60 երկրների պատվիրակություններ: Հանրաքվեին մասնակցել է 3 մլն 305 հազար 925 մարդ: Այդ մասին հայտարարել են քրդական ինքնավարության տեղական իշխանությունները: Ձայնի իրավունք ունի Իրաքյան Քրդստանի ավելի քան 5,2 մլն բնակիչ: Չնայած այն հանգամանքին, որ հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն 72 ժամ անց, ձայների նախնական հաշվարկը ցույց է տվել, որ հանրաքվեի մասնակիցների մեծ մասը հանդես է եկել անկախ քրդական պետականության ստեղծման օգտին: Այդուհանդերձ, Իրաքը և Թուրքիան արդեն կտրուկ ձևով դժգոհություն են հայտնել տարածաշրջանում առկա գործընթացների առնչությամբ, ընդգծելով, որ չեն ընդունի հանրաքվեի արդյունքները` եթե դրանք դրական լինեն: Իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ մտադիր չէ առճակատման գնալ հարևանների հետ և ցանկանում է խնդիրը լուծել բանակցային հիմունքով: