Արմինֆո. Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև քաղաքական հարաբերություններ, առավել ևս ՝ համագործակցություն, ըստ էության, հնարավոր չեն, համոզված է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:
Նախնական տվյալներով՝ Իրաքից տարածաշրջանի անկախության օգտին սեպտեմբերի 25-ին քվեարկել է Իրաքյան Քուրդիստանի բնակչության ավելի քան 95%-ը: Քվեարկությանը մասնակցել է 3 մլն 305 հազար 925 մարդ: Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո 72 ժամվա ընթացքում:
«Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեն, հասկանալի պատճառներով, իհարկե, որոշակի ոգևորվածության առիթ է հանդիսացել Հայաստանում՝ հատկապես ԶԼՄ-ների մատուցմամբ: Այս առումով Հայաստանը կարելի է համեմատել էմոցիոնալ իսրայելցիների, ինչպես նաև իսրայելական ԶԼՄ-ների՝ առիթով և առանց առիթի ոգևորությունների հետ»,- նշել է նա:
Արևելագետը համոզված է, որ նման ոգևորվածությունները սովորաբար որևէ իրական բանի չեն հանգեցնում: Հաշվի առնելով քրդերի և հայերի ոչ լավագույն ընդհանուր պատմությունը, վերջիններս Իրաքյան Քուրդիստանի հետ համագործակցության ոռնչությամբ որևէ պատրանք չպետք է ունենան: Այլ կերպ ասած՝ հանրաքվեի անցկացումը, ըստ նրա, Իրաքի կամ Իրաքյան Քուրդիստանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման աստիճանի վրա բացարձակ չի ազդի:
Քուրդիստանի հանրաքվեի առնչությամբ կարծիք հայտնած համաշխարհային առաջնորդների մեծ մասը Էրբիլի այդ քայլին բացասաբար է վերաբերել: Աջակցություն է հայտնել միայն Իսրայելը: Ֆրանսիան չեզոք դիրք է զբաղեցրել: