Արմինֆո.Սեպտեմբեր 22-ից 24-ը տեղի է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI հերթական փակ համագումարը, որին մասնակցում էին աշխարհի 15 և Հայաստանից ընտրված շուրջ 100 կուսակցական պատվիրակներ: Համագումարի մեկնարկը տրվել է Եռաբլուրում, որտեղ մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիկներին:
Համագումարի մասնակիցները, քննարկելով Հայաստանում և Սփյուռքում հայ ժողովրդի ու Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները և, որոշելով ՍԴՀԿ-ի առաջիկա 4 տարվա հավաքական ռազմավարությունն ու գործունեության ոլորտը, որոշել են. 1. Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն առաջիկայում նույնպես պետք է շարունակի իր կազմակերպչական, քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունները ուղղել դեպի Մայր Հայրենիք: 2. ՍԴՀԿ XXI համագումարը գտավ, որ Հայաստանի բնակչության ստվար մասը երկրում տիրող սոցիալական անարդարության պատճառով ապրում է տնտեսապես անբավարար վիճակում, ինչը համարվում է արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը, որի կասեցումը ազգային առաջնահերթություն է: Քաղաքական դաշտը վատառողջ է, չեն գործում արդար մրցակցության պայմանները: Այս հանգամանքի և սոցիալական արդարության բացակայության հետևանքով, չնայած որոշակի առաջընթացի, Հայաստանի Հանրապետությունում դեռ օրենքի լիակատար գերակայությունն ապահովված չէ: 3. Համագումարը գտավ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակներից թելադրված արտաքին քաղաքականություն: Համագումարը դրական է համարում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը, ինչպես նաև հույս է հայտնում, որ մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը պետք է շարունակի մնալ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը: 4. Ս.Դ. Հնչակյան Կուսակցությունը Հայաստանում գործում է որպես Անկախ քաղաքական միավոր, այն իրավունք ունի համագործակցելու բոլոր այն քաղաքական կազմակերպությունների հետ, ովքեր ընդունում են Հնչակյան կուսակցության սկզբունքներն ու գաղափարախոսությունը, հատկապես, ժողովրդավարության և սոցիալական արդարության սկզբունքները: 5. ՍԴՀԿ XXI համագումարը գտավ, որ Արցախի հիմնախնդիրը հայ ժողովրդի և հատկապես Հնչակյան կուսակցության համար մնում է առանցքային հիմնախնդիր և շեշտում է, որ Կուսակցությունն իր բոլոր հնարավորություններով պետք է ընդդիմանա ադրբեջանական ցանկացած ագրեսիային` լինի այն ռազմական, քաղաքական, քարոզչական, թե տնտեսական:
Համագումարը գտավ, որ Արցախի հիմնախնդիրն անհնար է լուծել ռազմական ճանապարհով, այլ միայն ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի և իրավահավասար բանակցությունների արդյունքում ձևավորված բանաձևերի հիման վրա: Համագումարը շեշտեց միջազգային հարթակներում Արցախի հիմնախնդրին ավելի լայն ճանաչում ապահովելու միտված ջանքերը բազմապատկելու անհրաժեշտությունը: Համագումարը վերահաստատեց Արցախի Հանրապետությունը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտությունը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ