Արմինֆո. Ուրբաթ, սեպտեմբերի 22-ի երեկոյան Սպահանում հարձակման է ենթարկվել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը (մականունը՝ Դիդիլ)։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Սպահանի և Թեհրանի հայոց թեմերից, հարձակվողների երեք հոգանոց խումբը, (ծածկած երեսներով), ջարդել են Վարուժի ոտքը, դանակահարել նրան ու ծանր վիրավորել ձեռքերը։ Մահակներով և մետաղյա իրերով հարվածել և ջարդել են մեքենայի ապակիները, կոտրել ու ծակծկել են մեքենան։ Հարձակման պահին Սպահանի թեմի առաջնորդ՝ Տ.Սիփան վրդ. Քեչեջյանը եղել է ավտոմեքենայի մեջ, բայց նրան չեն վնասել։ Հարձակումը տեղի է ունեցել Վարուժի տան դիմաց, երբ Թեմական մեքենայով նրան տուն են հասցրել։ Հարձակվողները ոչ մի իր չեն գողացել, թիրախավորելով միայն Վարուժի անձը։
Հատկանշական է, որ Վարուժ Մինասյանը և Հայր Սուրբը նոր էին վերադարձել Հայաստանից ու Թեհրանից մեկնել Սպահան։ Մինասյանը և Առաջնորդը փոխել էին Երևանից՝ Թեհրան իրենց վերադարձի ամսաթիվը և ավելի շուտ էին վերադարձել Հայաստանից, պատճառաբանելով Իրանում դպրոցների վերաբացմանն իրենց ներկա լինելու անհրաժեշտությունը։ Ուստի, տպավորություն կա, որ հարձակումը կազմակերպողները լավատեղյակ են եղել նրանց վերադարձի մանրամասների և Վարուժ Մինասյանի տան հասցեի մասին։
Հարձակվողները արծաթագույն «Փեժո» (Peugeot) ավտոմեքենայով դիմել են փախուստի, իսկ Վարուժանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը վարում է հետաքննություն։ Հարձակվողների երեսների ծածկված լինելը, ավելի է շեշտադրում, հարձակվողների ծանոթ լինելու հավանականությունը։ Անհասկանալի է, որ դեպքից օրեր անց Սպահանի ՀԹ Թեմական խորհուրդն այս մասին լուռ է մնում և ոչ մի տեղեկատվություն չի հրապարակում։
Հավելենք որ, Համայնքում խոսվում է, որ դեպքը կազմակերպվել է հենց Հայաստանից, ՀՅԴ ներքին կարգադրությամբ, մասնավորապես, հոլովվում է Հրանտ Մարգարյանի անունը:
Նշենք, որ Վարուժ Մինասյանն օրերս Երևանում մասնակցել էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին: