Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017 16:49
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ը 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային WiFi սարքավորումներ է հանձնել

Beeline-ը 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային WiFi սարքավորումներ է հանձնել

Արմինֆո.Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Այցի ընթացքում նրանք զրուցել են ինժեներությամբ հետաքրքրվող դպրոցականների հետ, ոգեշնչել նրանց ու կարևորել խելացի և ստեղծարար դպրոցականների դերը Հայաստանի տեխնոլոգիական ապագայի կերտման գործում:

ԻՏՁՄ-ի և Beeline-ի աշխատակիցները թիվ 173 դպրոցի «Արմաթ» սաներին հանձնել են Beeline-ի WiFi սարքավորումներ. վերաձևափոխելով այս սարքավորումները կամ օգտագործելով առանձին մասերը՝ դպրոցականները էլեկտրոնիկայի տարբեր խնդիրներ կլուծեն, կվերափոխեն ռոբոտները, իսկ ստացված լավագույն լուծումները սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կներկայացվեն ԴիջիԹեք ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսում: Ի դեպ, այս լաբորատորիայի խմբավարը ԻՏՁՄ-ի կողմից իրականացվող «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի մասնակից Հրայր Մարտիրոսյանն է, ով զորացրվելուց հետո վերապատրաստման դասընթացների է հաճախում ԻՏՁՄ-ում և արդեն դասավանդում է արմաթցիներին:

«Արմաթ» կրթական ծրագրի իրականացնող՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, նշում է, որ չափազանց կարևոր է տեխնոլոգիական ընկերությունների աջակցողական այս մոտեցումը: Երիտասարդների կողմից մեծ հետաքրքրություն կա էլեկտրոնիկայի, ռոբոտոտեխնիկայի և, առհասարակ, ՏՏ ոլորտի նկատմամբ, իսկ կրթական գործընթացի համար մեզ անհրաժեշտ են գործածությունից դուրս եկած սարքավորումներ, որպեսզի դպրոցականներն ազատ օգտագործեն դրանք ուսումնական գործընթացում:

«Ապագա մեծ հաղթանակները սկսվում են փոքր քայլերից: Այսօր մենք աջակցում ենք այս երիտասարդների առաջին քայլերին, որից հետո նրանց առջև երկար ճանապարհ է բացվելու: Հուսով եմ, այս դասերի ընթացքում ձեռք բերած գիտելիքները կօգնեն նրանց մեծ հաջողությունների հասնել ապագայում և փոխել կյանքը երկրում դեպի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Նշենք, որ դեռևս ամռանը Beeline-ը, աջակցելով դպրոցականների ուսուցման գործընթացին, հայտարարել էր, որ ավելի քան 1000 հատ WiFi սարքավորում է նվիրաբերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին:

«Արմաթ» լաբորատորիաները գործում են արտաժամյա սկզբունքով եւ անվճար հիմունքներով: Այն դպրոցականները, ում դպրոցներում դեռեւս չկան լաբորատորիաներ կարող են հաճախել հարակից բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակներ: Նշենք, որ ԻՏՁՄ-ն ծրագրում է ինժեներական մտքի ձեւավորումը սկսել հենց դպրոցահասակ տարիքից եւ ինժեներական կրթության ժամանակակից հնարավորություններ է ստեղծում Հայաստանի բոլոր դպրոցականների համար: «Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող լաբորատորիաներում կրթվող հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկայի համար:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5250

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի