Արմինֆո.Հայրենիքը սփյուռքի հոգեւոր անվտանգության գլխավոր երաշխավորն է, սփյուռքը` հայրենիքի տարածքային ու տնտեսական անվտանգության ապահովման կարեւորագույն աջակիցը եւ շահառուն: Այդ մասին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Մենք որդեգրել ենք ժողովրդավարության ու կայուն զարգացման ճանապարհը, որից չենք կարող հրաժարվել` անկախ որեւէ իրավիճակից»,- հայտարարել է Բաբլոյանը: Նա նաև հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի դռները բաց են այն բոլոր կառուցողական եւ ողջամիտ առաջարկների համար, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրին ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին: Ըստ որում, Բաբլոյանն ընդգծել է, որ առաջընթացի ու զարգացման տարաբնույթ ծրագրերը չեն կարող իրականություն դառնալ խաղաղության ու անվտանգության բացակայության պայմաններում: «Հայաստանի սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից: Ի դեմս ազատ Արցախի Հանրապետության` ավելի քան քառորդ դար անհերքելի իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: Աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում մենք ունենք շատ բարեկամներ, ովքեր կիսում են Արցախի ժողովրդի երազանքները եւ սատարում դրանց: Արցախը նաեւ համահայկական երազանքի մարմնավորումն է: Բոլորդ էլ վստահ եք հայկական զինուժի հուսալիության եւ մարտական բարձր պատրաստականության, մեր զինվորի ու սպայի ոգու վրա: Մեր բանակն օր-օրի ուժեղանում է նաեւ ձեր աջակցության շնորհիվ, որովհետեւ հայրենիքում անվտանգության խնդիր լինելու պարագայում աշխարհի անգամ ամենահեռու անկյունում գտնվող հայը չի կարող հանգիստ լինել: Սա է ազգ-բանակ գաղափարի ակնառու դրսեւորումը: Հետեւաբար, որեւէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքին, Արցախի անկախության եւ անվտանգության գաղափարին, խաղաղության գաղափարին»,- հայտարարել է նա: «Մենք լավ գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերներ կան մեր պետության առջեւ` հատկապես հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները եւ տարածաշրջանում առկա խնդիրները: Մենք ելնում ենք առաջին հերթին մեր շահերից եւ նպատակներից` դիվանագիտական միջոցներն ու հնարքներն օգտագործելով դրանք պաշտպանելու եւ առաջ մղելու համար: Որովհետեւ ոչ ոք մեզնից ավելի լավ չգիտի մեր կարիքները, երբեէ մեզնից ավելի շատ չի մտածել ու չի էլ մտածելու մեր այսօրվա ու վաղվա մասին: Մյուս կողմից, մենք չենք փորձում որեւէ երկրի կամ կազմակերպության հետ մեր հարաբերությունները կառուցել ի վնաս այլ երկրների կամ կազմակերպությունների: Մենք վստահելիության եւ հուսալիության բավականին բարձր վարկանիշ ունենք Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ամերիկյան եւ ընդհանրապես մեր բոլոր գործընկերների, այդ թվում` Իրանի եւ Չինաստանի հետ հարաբերություններում` ձգտելով ոչ միայն օգուտ ստանալ այդ համագործակցությունից, այլեւ օգտակար լինել: Խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը զուգընթաց` ավելի ենք զարգացնելու խորհրդարանական դիվանագիտության ջանքերը եւ ակտիվությունը: Եւ այդ ճանապարհին մենք Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի, ամբողջ աշխարհում սփռված մեր բարեկամների աջակցության կարիքն ունենք»,- ասել է ԱԺ նախագահը: