Արմինֆո.Նա, ով կխուսափի բանակում ծառայությունից կամ ում որդիները չեն ծառայել ՀՀ զինված ուժերում, չպետք է ունենան պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունք: Այդ մասին Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը:
Խոսելով հայկական զինված ուժերի արդիականացման հարցերի մասին՝ Մանուկյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի օրերին ցավ է ապրել այն բանի համար, սպառազինման առումով ադրբեջանական բանակն առաջ է հայկական բանակից: «Անհրաժեշտ է լուծել այդ խնդիրը, և ներկայումս այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են»,- հավաստիացրել է նա:
Անդրադառնալով «Ազգ-բանակ» հայեցակարգին՝ Մանուկյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել վերջինիս դրույթների առնչությամբ՝ այնուամենայնիվ, ընդգծելով, որ չի կարելի վերևից ծրագրեր մշակել և պարտադրել դրանք ժողովրդին: «Անհրաժեշտ է այդ ծրագրերն ընդունելի դարձնել հասարակության համար»,- նշել է նա:
Մանուկյանն ընդգծել է նաև բանակի և սահմանամերձ շրջանների միջև փոխգործակցության անհրաժեշտությունը՝ դրանց զարգացումը խթանելու նպատակով: «Օրինակ՝ հայկական զինված ուժերը պետք է նպաստեն սահմանամերձ շրջաններում ձեռնարկությունների ստեղծմանը, որոնք արտադրանք կտան բանակի կարիքների համար»,- ասել է Հանրային խորհրդի ղեկավարը:
Անդրադառնալով արտագաղթի հարցերին՝ Մանուկյանն ընդգծել է, որ անհնար է երեք միլիոնով դիմագրավել գլոբալ սպառնալիքներին: «Նոր մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է համախմբվել: Ինչպես Սփյուռքի, այնպես էլ Հայաստանի ժողովրդի և իշխանությունների առջև ծառանում են նոր խնդիրներ: Սակայն, բոլորը պետք է հավասարաչափ պատասխանատվություն կրեն: Չպետք է այնպես լինի, որ հասարակության մի շերտն իր վրա կրի ողջ ծանրությունը, իսկ մյուսը վայելի վերջինիս աշխատանքի պտուղները»,- ամփոփել է Մանուկյանը: