Արմինֆո.Ժամանակն է մտածել Ղարաբաղի ազատագրված հողերի բնակեցման մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանը՝ ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ:
Նրա խոսքով, այդ նպատակին են ծառայել հայ ժողովրդի հերոսական հաղթանակները: Այդ հաղթանակները պետք է պսակել միջազգային պայմանագրերով: «Այդ հաղթանակներին չեն կարող տիրանալ ոչ սպառնացող ալիևները, ոչ ժամանակակից զենքի համար նրանց ծախսերը, ոչ Բաքվի դաշնակիցների ստոր գործողությունները: Յուրաքանչյուր հայ պետք է մտածի այն մասին, թե ինչպես ուղղակի կամ անուղղակի կերպով պաշտպանի Հայաստանը և Ղարաբաղը»,- նշել է Վարդանյանը:
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, «Հայաստան-Սփյուռք» համաժողովում խոսելով հայկական կողմի տարածքային զիջումների մասին, ընդգծել է, որ վերադարձվելու են այն տարածքները, որոնց փոխանցումը Արցախի անվտանգության համար սպառնալիք չի կարող ներկայացնել, և չի վտանգվի հակամարտության վերջնական կարգավորումը:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Արցախի շուրջ բոլոր տարածքները կարևոր նշանակություն ունեն վերջինիս անվտանգության ապահովման առումով. սահմանների և կարգավիճակի առումով անցյալին վերադարձ չկա: ԼՂՀ խորրհրդարանի փոխխոսնակ Վահրամ Բալայանը հայտարարել է, որ հանրապետության սահմաններն արդեն ամրագրված են վերջինիս Սահմանադրությամբ, և փոխելու ոչինչ չկա: