Արմինֆո.Բազմաթիվ սիրիահայեր, որոնք պատերազմի ժամանակ ստիպված էին մեկնել այլ երկրներ, աստիճանաբար վերադառնում են Սիրիա: Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
Հայազգի խորհրդարանականի ասելով, Սիրիան վերականգնվում է պատերազմի ծանր տարիներից հետո: «Սիրիահայերը պատերազմի ժամաննակ մեկնել էին այլ երկրներ, ես դա համարում եմ ոչ թե արտագաղթ, այլ տեղափոխություն` անվտանգության նկատառումներից ելնելով: Մարդիիկ մեկնում էին ոչ միայն երկրի սահմաններից դուրս, այլև` վտանգված քաղաքներից ավելի անվտանգ վայրեր: Այժմ, իմ տեղեկությունների համաձայն, շատ սիրիահայեր վերադառնում են Հալեպ, այդ թվում` եվրոպական երկրներից և Հայաստանից, կան ընտանիքներ, որոնք վերադարձել են նույնիսկ Ավստրալիայից: Իհարկե, կան որոշակի խնդիրներ, սակայն պայմանները բարելավվել են՚, - հայտարարել է Ժիրայր Ռեիսյանը:
Հայազգի պատգամավորը հույս ունի, որ առաջիկայում վերադարձողների թիվը կավելանա, քանի որ իրավիճակը երկրում կայունանում է: Ռեիսյանը հաղորդել է, որ Հալեպում տվյալ պահին ապրում է 18000 հայ, իսկ երկրում հայերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 28000: