Արմինֆո.Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությունն անկախ հայոց պետականության հիմքերից մեկն է, հայկական երկու պետությունների բնական զարգացման և Սփյուռքում ազգային նույնականության պահպանման երաշխավորը: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին Երեւանում մեկնարկած «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի բացմանը:
Իր ողջույնի խոսքում նախագահ Սահակյանը բարձր մակարդակով կազմակերպված այս միջոցառումը կարեւոր ու պահանջված է համարել ե՛ւ Մայր Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի, ե՛ւ Արցախի համար, ընգծելով, որ խնդիրները, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում, ունեն ռազմավարական նշանակություն մեր պետականության շարունակական զարգացման հեռանկարների նախանշման տեսանկյունից:
«Կարեւոր է նաեւ, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտնի պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, վերլուծաբաններ, բարերարներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ աշխարհի շատ երկրներից: Նման ներկայացուցչական բազմազգ կազմը նաեւ հանդիսանում է տարբեր ժողովուրդների եւ պետությունների հետ երկխոսության հաստատման ու ամրապնդման, բարեկամական կապերի զարգացման հարմար հարթակ»,- նշել է Բակո Սահակյանը:
Արցախի Հանրապետության նախագահը համաժողովի մասնակիցներին մաղթել է հաջող եւ արդյունավետ աշխատանք, համոզմունք հայտնելով, որ համաժողովն արժանի ներդրում կունենա համազգային խնդիրների լուծման գործում: