Արմինֆո.«Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը երկրի ներսում և այդ քարոզչությունը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայ հասարակությունը` Արցախում, Հայաստանում ու սփյուռքում ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը՚, - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանն իր ելույթում:
Նախագահի համոզմամբ, չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ: «Մենք համոզված ենք, որ միջազգային խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխարգելման համար կարևոր է մարդու իրավունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքների իրացումը, քանի որ գրեթե բոլոր դեպքերում այդ իրավունքի սահմանափակումը առաջացնում է քաղաքական ճգնաժամ և ապա՝ պատերազմ:
Վերջին տասնամյակում, ինչո՞ւ ոչ՝ անգամ 1994-ի մայիսից շատ է խոսվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, կարգավորման տարրերի և սկզբունքների մասին: Դուք էլ այս համաժողովի ընթացքում անկասկած կքննարկեք խնդիրը՝ դիտարկելով այն բոլոր հնարավոր տեսանկյուններից: Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ պետության դիրքորոշումը մնացել է նույնը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, և պարբերաբար անցկացվող հերթական ընտրություններով, պետական կայուն համակարգով, զարգացող տնտեսությամբ ու հայրենասեր քաղաքացիների ջանքերով ամեն օր իրացնում է իր այդ իրավունքը: Արցախի քաղաքացիների կողմից իրենց անօտարելի իրավունքի իրացումը պատմական փաստ է: Մնացյալ հարցերը կարելի է կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով: Տարիների ընթացքում, չնայած բոլոր տեսակի քաղաքական առասպելներին մենք ապացուցել ենք, այս ուղուց մեզ շեղել հնարավոր չէ՚, - ամփոփել է պետության ղեկավարը: