Արմինֆո. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գոյություն ունեն զուտ քաղաքական խնդիրներ: Սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել նախկին պատգամավոր, քաղաքագետ, Իսրայել-Հայաստան հասարակական միջագզային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը, ԱրմԻնֆո-ի խնդրանքով մեկնաբանելով Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցում տեղաշարժի հնարավորությունը, հատկապես` Քնեսետի փոխխոսնակի Հայաստան այցի լույսի ներքո:
Նրա ասելով, Քնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ: «Հասկանում եք ինչումն է հարցը. այստեղ խնդիրը զուտ քաղաքական է: Երբ մենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեինք, և այդ հարցը բարձրացվում էր, ասում էին` ինչու փչացնել Անկարայի հետ լավ հարաբերությունները: Երբ Թուրքիայի հետ հարաբերությունները փչացան, և դարձյալ բարձրացվեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ապա կրկին սկսեցին ասել, թե մենք չենք կարող հարաբերությունները կարգավորել, իսկ դուք նաև այդ հարցն եք բարձրացնում: Հասկանում եք, պետք է լինի տարանջատում քաղաքականության և պատմական ճշմարտության միջև: Այն ժամանակ ամեն բան իր տեղը կընկնի: Սակայն, կարող եմ ասել մեկ բան. համաձայն Իսրայելում անցկացված հարցումների, բնակչության մեծ մասը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը՚, - ասել է Ցինկերը և այդ համատեքստում հավելել, որ պատգամավորներն ամեն դեպքում ժողովրդի ձայնն են, հետևաբար, հարկ է տեղաշարժ ակնկալել այդ հարցում: Նա հույս է հայտնել, որ ապագայում այդ հարցը կստանա ակնկալվող լուծումը:
Ցինկերը նաև ընդգծել է, որ այսօր արդեն հաջողվել է հասնել այն բանին, որ Քնեստի մշակույթի հանձնաժողովը քննարկել է այդ հարցը: «Հաջորդ քայլը լիակազմ նիստինն է: Կարծում եմ` այստեղ կլինի «թեժ ճակատամարտ՚: Որքան հաճախ լինեն պատգամավորների նման այցեր, այնքնա ավելի դյուրին կլինի անցկացնել այդ հարցը՚, - եզրափակել է Ցինկերը:
ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր և ղեկավար, «Հայաստան-Իսրայել՚ ֆորումի համանախագահ, պաշտոնաթող գեներալ-լեյտեննատ Հայկ Քոթանջյանն, իր հերթին, նշել է, որ ներկա է եղել Իսրայելի պատվիրակության հանդիպումներին և վստահությամբ կարող է ասել, որ տարբեր մակարդակների հանդիպումների ժամանակ կողմերն ընդգծել են, որ տեղաշարժ կա Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարևորությունը գիտակցելու հարցում: