Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 13:18
Տաթևիկ Շահունյան

Կնեսետի փոխխոսնակ. Եթե աշխարհը չներեր հայկական Ցեղասպանությունը, կարող է չլիներ հրեականը

Կնեսետի փոխխոսնակ. Եթե աշխարհը չներեր հայկական Ցեղասպանությունը, կարող է չլիներ հրեականը

Արմինֆո.Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանը, խմբի անդամներ Միքայել Մելքումյանը, Գագիկ Մելիքյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ Սուրեն Մանուկյանը հանդիպել են Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Գագիկ Մինասյանը բարձր է գնահատել խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը: Նա հույս է հայտնել, որ դեռեւս նախորդ խորհրդարանում ձեւավորված հարաբերություններն ավելի կամրապնդվեն ու կզարգանան, ինչը կարեւոր է թե տնտեսական, թե մարդկային շփումների տեսանկյունից: Պարոն Մինասյանը մասնավորապես նշել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները դեռեւս այն մակարդակի վրա չեն, ինչի ներուժը կա: Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են «Հայաստան-Իսրայել հասարակական ֆորումի» նախաձեռնությունը՝ այն համարելով լավագույն հարթակ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման համար:

 

Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանը նշել է, որ հայերն առանձնակի համակրանքով են վերաբերվում հրեաներին, ինչը պայմանավորված է երկու ժողովուրդների պատմական ընդհանրություններով:

 

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ Գագիկ Մինասյանը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն, մինչդեռ Ադրբեջանը հարցը փորձում է կարգավորել ռազմական ճանապարհով, ինչի վկայությունը նաեւ նախորդ տարի նրա հրահրած ապրիլյան քառօրյա պատերազմն է: 

«Հայաստանյան հանրությունը խիստ բացասաբար է վերաբերվում Ադրբեջանին զենք վաճառելուն եւ որպես վարձկան  Ադրբեջանի ռազմական գործողություններին մասնակցելուն։ Մեր հանրության այս դիրքորոշման մասին մենք տեղեկացնում ենք մեր բոլոր բարեկամներին»,- ընդգծել է Գագիկ Մինասյանը։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Բարեկամական խմբի ղեկավարի գնահատմամբ՝ այն դեռեւս չի հասել պատմական արդարության հանգրվանին: «Չճանաչված եւ չդատապարտված հանցագործությունը նոր դուռ է բացում նոր հանցագործության համար»,-ընդգծել է Գագիկ Մինասյանը: Նա հույս է հայտնել, որ հարցի վերաբերյալ Իսրայելի Կնեսետում սկիզբ առած գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին:

 

Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարեւորել է բազմոլորտ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ վերջին երկու տարիներին բավական շատ աշխատանք է կատարվել. աշխուժացել են երկկողմ շփումները, ուղիղ չվերթեր են իրականացվում երկու երկրների միջեւ, ինչը համագործակցության նոր հնարավորություն է:

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ Թալի Պլոսկովը նշել է, որ Իսրայելի Կնեսետի անդամները հասկանում են ցավը. հայկական ողբերգության հարցը լսվել է Կնեսետում եւ, ցավոք, ստացել քաղաքական գունավորում: Այս համատեքստում տիկին Պլոսկովը կրկնել է նախորդ տարի Հայաստան կատարած այցի ընթացքում՝ Ծիծեռնակաբերդում արտահայտած միտքը. «Եթե աշխարհը չներեր հայկական Ցեղասպանությունը, կարող է չլիներ հրեականը»:

 

Տիկին Պլոսկովը նաեւ ընդգծել է, որ Իսրայելը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ կարծում, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

 

Քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Բարեկամական խմբերի անդամները կարեւորել են տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտներում կապերի խորացման անհրաժեշտությունը, երկու ժողովուրդների միջեւ շփումների խորացումը:





Հոդվածներ նույն թեմայից
 Երեթշաբթի, 12 2017 Սեպտեմբերի 19:17

Արմինֆո.

 Երեթշաբթի, 2 2016 Օգոստոսի 03:32
 Չորեքշաբթի, 6 2016 Հուլիսի 04:05
 Չորեքշաբթի, 6 2016 Ապրիլի 01:55
 Երկուշաբթի, 4 2016 Ապրիլի 12:51
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
3698

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի