Արմինֆո.Հայաստանի ճարտարապետների միությունը կվերափոխվի Ճարտարապետների պալատի: «Ճարտարապետական գործունեության մասին՚ օրենքում և հարակից օրենքների փաթեթում համապատասխան ուղղումներներ են մտցվել Ազգային ժողովի սեպտեմբերի 13-ի նիստում:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ասելով, ներկայացված փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախորդ գումարման Ազգային ժողովը, և այժմ փաստաթուղթը նորացված տեսքով կրկին ներկայացվում է առաջին ընթերցմամբ: Փաստաթղթով նախատեսվում է, որ վերակազմավորման արդյունքում Ճարտարապետների պալատը կստանա մի շարք լրացուցիչ գործառույթներ: Այն, մասնավորապես, կոչված կլինի պաշտպանելու ճարտարապետների մասնագիտական շահերը: Պալատի անդամները պետք է ունենան աշխատանքի համապատասխան փորձ` հանձնելով անհրաժեշտ քննությունները: Ճարտարապետները պարբերաբար անցնելու են վերապատրաստման դասընթացներ` համաշխարհային ճարտարապետության պատմություն, հայկական ճարտարապետության պատմություն, ժամանակակից ճարտարապետության պատմություն, ինժեներական կոնստրուկցիաներ, և այլ առարկաների գծով: Օրինագիծը նախատեսում է ճարտարապետների ռեեստրի վարում, նրանց պաշտպանության ապահովում: Օրինագիծը նախատեսում է ճարտարապետների երկու խումբ. դիպլոմավոր ճարտարապետներ և կոչումով ճարտարապետներ: Երկրորդ դեպքում նախատեսվում է Ճարտարապետների պալատի կողմից լիցենզիայի տրամադրում: Պալատը կզբաղվի նաև ճարտարապետների շահերի պաշտպանությամբ կառուցապատողների դիկտատից և պատասխանատվություն կկրի ճարտարապետի գործունեության համար: Պալատի գործունեությունը կիրականացվի հասարակական հիմունքներով: Պալատի գործադիր մարմինը կլինի խորհուրդը: Սարգսյանի ասելով, հետագայում պալատը կզբաղվի նաև ճարտարապետական գործունեության ապահովագրմամբ: Նրա հավաստմամբ, փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունն առնչվում է նաև ազգային անվտանգությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը: