Արմինֆո. Եվրամիությունը պատրաստ է նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրել Հայաստանի հետ ընդլայնված և համապարփակ համագործակցության շուրջ համաձայնագիրը, և այսօր չկան հանգամանքներ, որոնք կարող են դրան խոչընդոտել: Սեպտեմբերի 12-ին Երևանում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հաայստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը:
Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե 2013 թվականին ԵՄ-ն է անհնար համարել ՀՀ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Կիսլերը, մասնավորապես, նշել է. «Որքան հայտնի է, 2013 թվականին հենց Հայաստանն իրականացրեց ռազմավարական քայլ, միանալով Մաքսային միությանը, իսկ այնուհետև` Եվրասիական տնտեսական միությանը: Եվ այդ որոշումը Եվրամիությունն ընդունեց, քանի որ Հայաստանն ու ԵՄ-ն հավասար գործընկերներ են: Եվրամիությունն առաջարկում է գործընկերություն, սակայն` չի պարտադրում: Եվ հենց այդ ոգով մեկնարկ տրվեց Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններին՚:
Դիվանագետը, միևնույն ժամանակ, կոչ է արել հետ չշրջվել և նայել ապագային: Նրա ասելով, այդ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի համար բազմաթիվ հնարավորություններ են բացվում, այն թույլ կտա խորացնել փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի վերջին հայտարարել է, թե ոչ մի խոչընդոտ չկա նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրման համար:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, իր հերթին, սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ ԵՄ պատրաստում է «թանաքն ու գրիչը՚` նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժղովում համաձայնագրի ստորագրման համար: